Օրբելի եղբայրների տուն–թանգարանի գերխնդիրն է՝ ունենալ կիրթ, զարգացած այցելուներ. Հիմնադիր-տնօրեն (լուսանկարներ)
Աշխարհահոչակ գիտնականներ Օրբելի եղբայրների տուն–թանգարանն իր գործունեության 35 տարվա ընթացքում հավաքել ու այսօր ներկայացնում է շուրջ 2000 մշակութային արժեք` գրքեր, ձեռագրեր, լուսանկարներ, անձնական իրեր, փաստաթղթեր, կենցաղային աոարկաներ, որոնք ձեռք են բերվել աշխատակիցների ջանքերով և հատկապես Օրբելի եղբայրների հարազատների, բարեկամների, աշակերտների օժանդակությամբ Ս.Պետերբուրգ քաղաքից: Տուն-թանգարանի հիմնադիր-տնօրեն Գերասիմ Մկրտչյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ տուն-թանգարանի հիմնադրամ 35-ամյակի առթիվ հունիսի 27-ին կազմակերպվելու է միջոցառում, որի ընթացքում ներկայացվելու է թանգարանի 35 տարվա գործունեությունը, ինչպես նաև տեղի է ունենալու Հովսեփ Օրբելու և Կամիլլա Տրեվերի հեղինակած և 1936 թ. Լենինգրադի Պետական էրմիտաժի կողմից հրատարակված «Ճատրակ» գրքի երկրորդ հրատարակության շնորհանդեսը, որն իրականացրել է տուն-թանգարանի աշխատակազմը:
Ըստ նրա, գիրքն ընդգրկում է բնագիր ռուսերեն և թարգմանված հայերեն տեքստերը, լուսանկարներ. «Վստահ ենք, որ շախմատասեր հասարակայնությունը հաճույքով կծանոթանան շախմատի ստեղծման, հիրավի հեքիաթային, պատմությանը, կիմանան, թե ով, որտեղ, ինչպես և ինչու հորինեց նարդին, թե ինչպիսին էին խաղաքարերն ու խաղերի կանոնները նախնական վիճակում, ինչպես և ինչից են պատրաստվել շախմատն ու նարդին»:
Խոսելով թանգարանի մասին, Գ. Մկրտչյանն ասաց, որ այն հետաքրքիր է տարբեր տարիքի այցելուների համար, քանի որ վերաբերում է մի ամբողջ ընտանիքի: Տուն-թանգարանի նկատմամբ, ըստ նրա, մեծ է հետաքրքրությունը հատկապես ռուս զբոսաշրջիկների շրջանում:
Տուն -թանգարանի հիմնադիր տնօրենի խոսքով, այսօր թանգարանը որևէ խնդիր չունի, բացի. «Մեր միակ խնդիրն այն է, որ գան կիրթ, զարգացած, ինտելեկտուալ հյուրեր, որպեսզի կարողանանք նրանց հետ զրուցել, երկխոսել: Մեր գերխնդիրը դա է: Ցավոք, այսօր այդպիսի հյուրեր շատ քիչ ենք ունենում»:
Տուն-թանգարանի հիմնական ցուցադրությունը բաղկացած է երկու մասից` գիտական և հուշային: Սրահներում ժամանակագրական հերթականությամբ ներկայացված է Օրբելի եղբայրների կյանքի անցած ուղին` գիտական և հասարակական գործունեությունը:
«Ռուբեն Օրբելին իրավամբ համարվում է ստորջրյա հնագիտության և ստորջրյա տեխնիկայի պատմության և նոր բնագավառի` հիդրոհնագիտության հիմնադիրը, որի զարգացման համար նա ծավալում էր լայն քարոզչություն գիտական կազմակերպություններում` մտադրություն ունենալով ստեղծել նոր կադրեր, ինչպիսիք էին ջրասուզակները և հնագետ ջրասուզակները»,- ասել է պրոֆեսոր Ն. Զուբովը:
Թանգարանի երեք հուշասենյակներում ցուցադրված է Օրբելի եղբայրների աշխատասենյակների կահույքը` գրասեղանը, բազմոցը, բաղկաթոոը, գաղտնապահարանը, ինչպես նաև գրքերը, անձնական իրերը, ձեռագրերը, լուսանկարները, փաստաթղթերը և կենցաղային աոարկաները:
«Մեր երկրում քիչ չեն գիտնականներ, որոնց անունները հատկապես թանկ են մեզ համար: Արդարացի կերպով այդ փառապանծ շարքում առաջին տեղերից մեկը պատկանում է ակադեմիկոս Լևոն Օրբելուն»,- ասել է պրոֆեսոր Ա.Լեբեդինսկին:
Հավաքածուի ուշագրավ մասն է կազմում գրադարանը, որն ամփոփում է հայերեն հին հրատարակություններ, ինչպես նաև օտար լեզուներով` ոուսերենով, գերմաներենով, իտալերենով գրքեր, որոնցից շատերը կրում են Օրբելիների կողմից արված նշումներ: Այստեղ են պահվում նաև նրանց կողմից հրատարակված աշխատությունները:
Թանգարանում կան գրաֆիկական և յուղաներկ նկարներ, ինչպես նաև յուրահատուկ տեխնիկայով բարդու աղվամազից պատրաստված դիմանկարներ:
«Հովսեփ Օրբելուն կարելի է դասել առավել հանճարեղ այն գիտնականների շարքին, որ տվել է հայ ժողովուրդը աշխարհին»,- ասել է ակադեմիկոս Ե. Տառլեն:
Լուսանկարները՝ Օրբելի եղբայրների տուն-թանգարանի պաշտոնական կայքից: