Վաղվանից մեկնարկում է ավարտական և միասնական լրացուցիչ քննությունների կազմակերպման գործընթացը
Գնահատման և թեստավորման կենտրոնը հունիսի 24-ից սկսում է 2014-2015 ուստարվա և նախորդ տարիների շրջանավարտների պետական ավարտական, միասնական և կենտրոնացված (պետական ավարտական և բուհերի ընդունելության) լրացուցիչ քննությունների կազմակերպման գործընթացը: ԳԹԿ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ պետական ավարտական լրացուցիչ քննություններին կարող են մասնակցել`
• հիմնական փուլի անցկացված քննություններին չմասնակցած շրջանավարտները,
• միասնական քննության ավարտական մասը (Ա մակարդակ) չհաղթահարած շրջանավարտները,
• պետական ավարտական քննություններից (2 առարկայից ոչ ավելի) անբավարար ստացած շրջանավարտները:
Այն շրջանավարտները, որոնք չեն հայտագրվել պետական ավարտական քննություններին, իրենց դպրոցներում պետք է ներկայացնեն դիմում տնօրենի անունով:
Պետական ավարտական քննություններից անբավարար ստացած կամ միասնական քննության ավարտական մասը (Ա մակարդակ) չհաղթահարած շրջանավարտները պետական ավարտական քննություններին (վերաքննություններին) մասնակցելու համար նոր դիմում չեն լրացնում: Վերաքննություն հանձնողների տվյալները Գնահատման և թեստավորման կենտրոն են ներկայացնում մարզերի (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչությունները:
Միասնական և կենտրոնացված լրացուցիչ քննություններին (2015թ. բուհերի ընդունելության) կարող են մասնակցել`
• այն շրջանավարտները, որոնք առաջին փուլի քննություններին մասնակցելու համար չեն հայտագրվել,
• նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության 2015թ. շրջանավարտները,
• օտարերկրյա ուսումնական հաստատությունների 2015թ. շրջանավարտները,
• այն շրջանավարտները, որոնք միասնական քննությանը հարգելի պատճառով չեն մասնակցել կամ հիվանդության պատճառով ընդհատել են քննությունը,
• բողոքարկման հանձնաժողովի կողմից միասնական լրացուցիչ քննությանը մասնակցելու թույլտվություն ստացած շրջանավարտները:
Դիմում-հայտերը լրացվում և ընդունվում են Գնահատման և թեստավորման կենտրոնում հունիսի 24-ից: Ընդունման ժամկետն ավարտվում է հունիսի 30-ին` ժամը 17:00-ին:
Հիշեցնենք, որ միասնական քննությունների առաջին փուլը մեկնարկել էր հունիսի 2-ից: Այսօր դիմորդները հանձնել են առաջին փուլի վերջին քննությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա