Օմբուդսմեը սեփական նախաձեռնությամբ վարույթ է հարուցել. Բաղրամյանի դեպքեր
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հայտարարություն է տարածել Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: Հաղորդագրության մեջ ասված է.
«Խիստ մտահոգված լինելով այսօր Երևանի կենտրոնում տեղի ունեցած դեպքերով, ինչպես նաև դրանց հետևանքով հարյուրավոր խաղաղ ցուցարարների, այդ թվում նաև՝ լրագրողների նկատմամբ Ոստիկանության կիրառած անհամաչափ ֆիզիկական ուժի և ակտիվիստներին պատճառած մարմնական վնասվածքների կապակցությամբ՝ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը սեփական նախաձեռնությամբ վարույթ է հարուցել:
Լուսադեմին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ Օմբուդսմենը հարցադրումներ է ուղղել Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին, Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին: Հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ հարցադրումներին պատասխանելու համար սահմանվել է նվազագույն 3-օրյա ժամկետ:
Ըստ գրության` զանգվածային լրատվության միջոցներում լայնորեն տարածված տեսագրությունների ուսումնասիրության արդյունքում առերևույթ իրավաչափության խնդիր է առաջանում Ոստիկանության ծառայողների` մի շարք քաղաքացիների նկատմամբ իրականացրած գործողությունների վերաբերյալ:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությանը, կիրառված ֆիզիկական ուժին և ցուցարարներին հասցրած մարմնական վնասվածքներին, հավաքը ցրելուն ուղղված գործողությունների իրավաչափությանը, Ոստիկանության ծառայողների՝ քաղաքացիական հագուստով գործելու և ակտիվիստների նկատմամբ ուժի կիրառման, ինչպես նաև մի շարք քաղաքացիների հասցեին հնչեցրած հայհոյանքների օգտագործման դեպքերին:
Ոստիկանության և ՀՔԾ-ի գրություններում անդրադարձ կա բազմաթիվ լրագրողների նկատմամբ կիրառած բռնության, լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման, Ոստիկանության ծառայողների կողմից նրանց տեսանկարահանող սարքերի վնասման ու ոստիկանական բաժիններ լրագրողներին բերման ենթարկելու իրավաչափության հարցերին:
Առողջապահության նախարարին հասցեագրված գրության մեջ անդրադարձ կա ակտիվիստների նկատմամբ առաջին բժշկական օգնության ոչ պատշաճ ցուցաբերման դեպքերին:
Օմբուդսմենը և իր աշխատակազմը շարունակելու են ուշադրության կենտրոնում պահել միջադեպի հետ կապված բոլոր գործերը և իրենց լիազորությունների շրջանակներում գործադրել հնարավոր բոլոր միջոցները՝ պաշտպանելու խաղաղ հավաքի մասնակիցների և լրագրողների իրավունքները»:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի