ԵԽԽՎ-ն այսօր կընտրի ՄԻԵԴ-ում ՀՀ հաջորդ դատավորին
Այսօր՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի երկրորդ օրը, ԵԽԽՎ պատգամավորները պետք է ընտրեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նոր դատավորներ։ Պատգամավորներն ընտրելու են Հայաստանի, Լատվիայի, Լյուքսեմբուրգի և Մոնակոյի նոր դատավորներին։ Հայաստանի կողմից ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ներկայացված ցանկում ընդգրկված են 3 թեկնածուներ՝ Արմեն Հարությունյան, Արա Ղազարյան և Լիանա Հակոբյան։
Հիշեցնենք, որ հունիսի 9-10-ին Փարիզում կայացած ԵԽԽՎ դատավորների ընտրության հանձնաժողովի նիստում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Հայաստանի կողմից ներկայացրած 3 թեկնածուներից ԵԽԽՎ-ն երաշխավորել էր Արմեն Հարությունյանի թեկնածությունը, ով փոքր առավելություն էր ունեցել Լիանա Հակոբյանի նկատմամբ։
Փարիզում կայացած հանձնաժողովի նիստում քննարկվել էր նաև Ադրբեջանի կողմից ներկայացված դատավորների ցանկը, որը, սակայն, Վեհաժողովը մերժել է՝ ՄԻԵԴ դատավորի պաշտոնում թեկնածուների չհամապատասխանության պատճառով, և Ադրբեջանին առաջարկել ներկայացնել նոր ցանկ։
Ընթացակագի համաձայն ՄԻԵԴ-ում դատավոր է ընտրվում այն թեկնածուն, ով առաջին փուլում ստանում է ԵԽԽՎ 318 պատգամավորների ձայների բացարձակ մեծամասնությունը։ Եթե թեկնածուներից ոչ մեկ չի ստացել ձայների բացարձակ մեծամասնությունը, ապա անցկացվում է երկրորդ փուլ, որտեղ հաղթում է ձայների մեծամասնություն ստացած թեկնածուն։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները