ԱԺ-ն վավերացրեց «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության վարկային համաձայնագիրը
ՀՀ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում քվեարկության դրեց Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի ապրիլի 14-ին ստորագրված «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (4-րդ հերթ) նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:
Մինչ քվեարկությունը ԲԿՀ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու նախագծին, քանի որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհային միջանցքի շինարարությունը անհրաժեշտ է հայ ժողովրդին:
«Սակայն մենք պետք է գործուն վերահսկողություն իրականացնենք»,- ասաց պատգամավորը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ քվեարկության դրվող բոլոր նախագծերին՝ անկախ դրանց բովանդակությունից, դեմ է քվեարկելու:
«Այդպիսով, պահանջում եմ ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին, և իմ զորակցությունն եմ հայտնում քաղաքացիական իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիներին»,- նշեց Փաշինյանը:
Նշենք, որ համաձայնագրին կողմ քվեարկեց 85, դեմ՝ 10, ձեռնպահ 4 պատգամավոր:
Հիշեցնենք, որ համաձայնագրով նախատեսվում է հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներգրավել 150 միլիոն դոլարի վարկային միջոցներ: Վարկի օգտագործման առավելագույն ժամկետն է 20 տարի, վարկի տոկոսադրույքը ֆիքսված է 1.65 տոկոս: Վարկի օգտագործման 5 տարին արտոնյալ է, իսկ վարկի մայր գումարի մարումը նախատեսվում է իրականացնել ծրագրի իրականացման պահից 5 տարի անց:
Համաձայնագրով նախատեսված է ծրագրի ֆինանսավորումը հետևյալ ուղղություններով. առաջինը՝ Ագարակից դեպի Քաջարան 20.5 կիլոմետր երկարությամբ ճանապարհի վերակառուցման աշխատանքներն են, երկրորդը՝ խորհրդատուի ծառայությունները, ինժեներական աշխատանքների ծառայությունները (2 մլն ԱՄՆ դոլար), երրորդը՝ վարկային համաձայնագրով նախատեսված են չնախատեսված ծախսեր 6.850 միլիոն ԱՄՆ դոլարի չափով:
Համաձայնագրով ՀՀ-ն ևս ստանձնում է ֆինանսական պարտավորություններ: Մասնավորապես, համաֆինանսավորվելու են վարկային ծրագրի իրականացման ընթացքում առաջացած անուղղակի հարկերը՝ շուրջ 30 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, ինչպես նաև հողօտարման գործընթացը՝ 4.5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով:
Թեմային առնչվող հրապարակումներ՝
Այդքան լավ անող էիք, չթողնեիք, որ Թուրքիան շրջափակեր Հայաստանը. Շարմազանովը՝ Արամ Մանուկյանին
«Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի շինարարության ծրագրի արդյունավետությունը ցածր է. Արամ Մանուկյան
«Բարդ» մաթեմատիկան ու իրար չհամապատասխանող տրանշներն ու տեղեկանքները ԱԺ-ում
Մենք ձեռնամուխ ենք լինելու Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման ծրագրի իրագործմանը. Արթուր Առաքելյան
150 մլն դոլարի վարկ` «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի համար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին