ՀԱԿ-ը լքեց ԱԺ նիստերի դահլիճը (տեսանյութ)
Ազգային ժողովի Հայ Ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը այսօր Ազգային ժողովում շարունակվող նիստի ժամանակ Բաղրամյան պողոտայում կատարվածի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ.
«Մի քանի ժամ առաջ Բաղրամյան փողոցում ուժ է կիրառվել բերման են ենթարկվել 237 քաղաքացիներ, որոնց մեջ կան բազմաթիվ լրագրողներ, կոտրվել են նրանց տեսախցիկները, ոստիկանության պաշտոնյաները բռնագրավել են նրանց տեսախցիկների հիշողության քարտերը: Բաղրամյան փողոցը բացվելուց հետո բազմաթիվ քաղաքացիներ բերման են ենթարկվել Ազատության հրապարակում և նրա տարածքում, ինչը ամենևին կապ չուներ տրանսպորտի բացվելու հետ, նաև հետապնդվել են:
Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բռնության ենթարկված բոլոր լրագրողներին ու մյուս քաղաքացիներին, պահանջում ենք պատժել ապօրինի գործողություններ իրականացնողներին»:
Արամ Մանուկյանի այս հայտարարությունից հետո ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Ստեփան Դեմիրճյանը, Լյուդմիլա Սարգսյանը, ինքը` Արամ Մանուկյանը և Գագիկ Ջհանգիրյանը լքեցին նիստերի դահլիճը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ իրենք էլ տեղյակ են կատարվածի մասին ու ցավ են ապրում, բայց դրա վերաբերյալ գնահատականները կարող են տարբեր լինել:
«Եթե այս հարցը անհրաժեշտ է քննարկել, կարծում եմ, ընդմիջումներ կունենանք և ովքեր շահագրգիռ են կկանչեմ կքննարկենք և եթե կան խնդիրներ կփորձենք լուծել», -Մանուկյանին արձագանքեց ԱԺ նախագահը:
Գալուստ Սահակյանին, սակայն, ՀԱԿ-ից լսող չկար:
Նշենք, որ հունիսի 22-ին ժամը 19:00-ին լրացավ էլէներգիայի թանկացման դեմ պայքարի դուրս ելած «Ո՛չ թալանին» նախաձեռնության հայտարարած վերջնաժամկետը, և ցուցարարները շարժվեցին դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր: Ոստիկանները, որոնք մինչ այդ հայտարարում էին, թե անօրինական է հավաքը, փակել էին փողոցը, իսկ ցուցարարներն էլ ոստիկանական պատի դեմ ոչինչ չկարողացան անել և որոշեցին նստել փողոցի մեջտեղը:
Լուսադեմին, սակայն, ոստիկանությունը ջրցան մեքենաներ գործի դրեց և բռնի ուժ կիրառեց փողոցում նստած երիտասարդների նկատմամբ և ըստ տարբեր տեղեկությունների, շուրջ 200 մարդ, այդ թվում` լրագրողներ, տեղափոխվել են ոստիկանության տարբեր շրջանների բաժիններ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան