Վարչապետը շնորհավորել է հանրապետական օլիմպիադայի հաղթողներին
Կառավարության նիստերի դահլիճում այսօր հյուրընկալվել էին Հայաստանի հանրակրթական դպրոցների մի խումբ աշակերտներ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2014-2015 թթ. ուսումնական տարվա հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլի տարբեր առարկաներից հաղթողներին հրավիրել էր կառավարություն՝ շնորհավորելու և պարգևատրելու նպատակով: Վարչապետ Աբրահամյանը Հայաստանի 2014-2015 թթ. ուստարվա լավագույն աշակերտներին է հանձնել առաջին կարգի դիպլոմներ և խրախուսական նվերներ:Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կառավարության ղեկավարը, շնորհավորելով աշակերտներին, նշել է, որ Հայաստանի իշխանությունները հպարտանում և մեծ հույսեր են կապում նրանց հետ:
«Հպարտ ենք, որ ունենք նման գրագետ սերունդ, որը, համոզված եմ, նպաստելու է մեր երկրի և ժողովրդի բարեկեցիկ ապագայի կերտմանը: Մեր ապագան դուք եք, դուք եք կերտելու ավելի զարգացած և հզոր Հայաստան: Վստահ եմ, որ ձեր գիտելիքներն ապագայում ի սպաս կդնեք մայր հայրենիքի, Արցախի և սփյուռքի էլ ավելի միասնականությանը և հզորությանը»,- նշել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ կրթության, գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները շարունակելու են գտնվել գործադիրի ուշադրության կենտրոնում և կառավարությունը որևէ ֆինանսական ռեսուրս չի խնայելու՝ այս բնագավառների հետագա զարգացումն ապահովելու համար:
Միաժամանակ, կառավարության ղեկավարը կարևորել է կրթության ոլորտում առավելագույն թափանցիկություն և արդարություն ապահովելուն ուղղված աշխատանքները և ընդգծել, որ այս տարի նույնպես ամեն ինչ արվել է՝ բուհերի ընդունելության քննություններն բարձր մակարդակով անցկացնելու համար: Ամփոփելով խոսքը՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր աշակերտների ծնողներին, մանկավարժներին՝ նման երեխաներ դաստիարակելու, կրթելու համար և վստահություն հայտնել, որ միջազգային օլիմպիադաներում նույնպես նրանք հաջողությունների կհասնեն ու բարձր կպահեն մեր երկրի և հայ ժողովրդի պատիվը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, աշակերտների անունից շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար, մանրամասներ է ներկայացրել հանրապետական օլիմպիադայի արդյունքների վերաբերյալ: 16 առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցել է շուրջ 1500 աշակերտ. նրանցից լավագույն 62-ը (Երևանից և մարզերից) արժանացել են առաջին կարգի պարգևների: Նախարարը տեղեկացրել է, որ օլիմպիադաների հաղթողներից կձևավորվեն միջազգային առարկայական օլիմպիադաների ազգային թիմերը:
Հանդիպման ավարտին վարչապետը լուսանկարվել է 2014-2015 թթ. ուստարվա լավագույն դպրոցականների հետ և մաղթել նորանոր հաջողություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա