Հետազոտություն. Ամենաաղտոտվածը Ալավերդի համայնքն է
Լոռիում հետազոտության ենթարկված 11 բնակավայրերից առավել աղտոտված է Ալավերդի քաղաքը,-այսօր «Մեդիա կենտրոն»-ում հրավիրած քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության բաժնի առողջապահական ծառայությունների զարգացման և հետազոտման կենտրոնի գիտաշխատող Քրիստինա Հակոբյանը:
«Մեծ քաղաքներից առավել աղտոտված է Ալավերդին, իսկ միջին քաղաքներից` Ախթալան: Ու սա ողջ Հայաստանի մակարդակով, ոչ Լոռու մարզի: Մկնդեղի քանակությունը Ալավերդիում գերազանցում էր մաքրում պահանջող խտությունը 73.4 տոկոսով, կապարը` 22.6 տոկոսով»,-նշեց Հակոբյանը:
Հողում ծանր մետաղների քանակությունը որոշելու համար փորձանմուշներ են վերցվել այդ համայնքների դպրոցների, մանկապարտեզների, այգիների, բնակելի բակերի, նույնիսկ Ախթալայի եկեղեցու հարակից տարածքից` 10 սմ և 20 սմ խորությունից: Հետազոտությունն անցկացվել է 2013-ին:
Հետազոտության հաջորդ փուլում Ախթալայի, Ալավերդիի ու Երևանի Էրեբունի համայնքի մի քանի տասնյակ երեխաների արյան մեջ որոշել են կապարի քանակությունը: Ախթալայում արյան անալիզ է վերցվել 39 երեխայից, Ալավերդիից` 69, Էրեբունիից` 53:
«Նկատենք, որ գոյություն չունի կապարի անվնաս քանակություն արյան մեջ: Սակայն պայմանականորեն միջազգային տարբեր չափանիշներով մեկ լիտր արյան մեջ 5 մգրամ կապարը համարվում է թույլատրելի, նախկինում այդ չափանիշը 10-ն էր, հետո իջեցվել է շեմը: Ախթալայում երեխաների 83.8 տոկոսի մոտ այդ ցուցանիշը գերազանցվել է պայմանականորեն թույլատրելի շեմը, Ալավերդիում` 72.5 տոկոսի, Էրեբունիում` 52.3տոկոսը: Մենք ծնողներին ասացինք, որ պանիկայի հարկ չկա, բայց պետք է քայլեր իրականցվեն, փոշու նվազեցման և այլնի ուղղությամբ»,- ասաց Հայաստանի Ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության բաժնի առողջապահական ծառայությունների զարգացման և հետազոտման կենտրոնի գիտաշխատող Ծովինար Մելքումյանը:
Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրճյանը հետաքրքրվեց, թե ինչու է ուսումնասիրություն իրականացվել հենց Լոռիում: Նա վստահեցրեց, որ նույն ցուցանիշները լինելու են Ապարանում: Նրա խոսքով, խնդիրը առկա է հանրապետության ողջ տարածքում, և պետք չի առաջնորդվել ամերիկյան ստանդարտներով. «Եթե Ապարանում էլ երեխաների արյան հետազոտություն անցկացվի, ապա կտեսնենք, որ նույն պատկերն է»:
Դեմիրճյանը միաժամանակ չբացառեց, որ շրջակա միջավայրի վրա հանքաարդյունաբերությունն ունենում է ազդեցություն:
Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ Լուսինե Վարդանյանն էլ ասաց, որ չունեն որևէ հետազոտություն, որը ցույց կտա թե արյան մեջ կապարի մեծ քանակությունը ինչ հիվանդությունների կարող է հանգեցնել. «Որոշակի ժամանակահատվածում որոշակի խմբի մարդկանց մոտ որոշակի հիվանդությունների աճ նկատվում է, բայց թե դա ինչով է պայմանավորված, մենք չունենք հետազոտություն: Այն, որ երեխաների արյան մեջ կապար կա, դա չի նշանակում, որ երեխաները հիվանդ են»: