«Ոստիկանությունը կվերականգնի լրագրողներին պատճառված նյութական վնասները». Վլադիմիր Գասպարյան
«Ոստիկանությունը շատ երկար հանդուրժողականություն է ցուցաբերել, իսկ թողնել կենտրոնական փողոցը ևս մեկ օր փակ վիճակում, դա այլոց իրավունքների ոտնահարում է: Եթե մենք ուզում ենք օրինականություն հաստատել, անօրինական ճանապարհով դա պետք է չանենք»,-«Գալա» հեռուստաընկերության թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայի սկզբնամասում ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև տեղի ունեցած միջադեպին, հայտարարեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Ոստիկանապետը ներողություն հայտնեց լրագրողների հանդեպ կիրառված բռնության համար՝ նշելով, որ ծառայողական քննությունը կարճ ժամանակում կբացահայտի կատարվածը:
«Կան որոշակի թերություններ, որ ես տեսել եմ աշխատանքի մեջ, հատկապես՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կապված: Հայցում եմ իմ ներողամտությունը: Ծառայողական քննություն ենք նշանակել, մենք դա կկարգավորենք: Գիտեմ, որ կոտրվել են տեխնիկական միջոցներ, ոստիկանությունը կվերականգնի լրագրողներին պատճառված նյութական վնասները»,-ասաց ոստիկանապետը՝ միաժամանակ հավելելով, որ իրենք չեն հանդուրժի դեպքեր, երբ ոստիկանի լավ աշխատանքը փորձեն փչացնել ոչ ճիշտ գործողություններով:
«Հետևել եմ ամբողջ ընթացքին, ոստիկանության աշխատանքները համաչափ էին, և դրա արդյունքն է, որ այսօր մենք չունենք լուրջ վնասվածքներ, որն ունեցել ենք ժամանակին: Այն թերությունները, որոնք գոյություն ունեն, կարճ ժամկետում կվերացվեն»,- հավելեց Գասպարյանը: