«Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում». բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ
Հունիսի 25-ին, ժամը 12:00-ից 20:00-ը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը «Աջակցություն սիրիահայերին և նրանց կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում ՀՀ Սփյուռքի նախարարության և Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի հետ համատեղ, Նալբանդյան և Հանրապետության փողոցների միջև ընկած նորաբաց պուրակում կազմակերպում է «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ սիրիահայերը կցուցադրեն իրենց արտադրանքը:
Հայկական Կարմիր խաչի ընկերության մամուլի ծառայությունից մանրամասնում են, որ տոնավաճառի այցելուները հնարավորություն կունենան գնելու քաղցրավենիք, ձեռագործ աշխատանքներ և ծանոթանալու տարբեր ոլորտների մասնագետների հետ. այս նախաձեռնությունն այցելուներին անհրաժեշտ տեղեկություն կտա սիրիահայերի հմտությունների վերաբերյալ՝ տեսանելի դարձնելով դրանք, իսկ վերջիններիս համար իրենց գործունեությունն ընդլայնելու խթան կհանդիսանա: