Սերգեյ Դանիելյան. Մի մուծեք, թող տրաքի այդ կազմակերպությունը
«Այն ընթացքը, որը կա, ոչինչ չի բերի: Հոսանքը մերը չէ, ապրանք իրենցն է, իրենք են որոշում՝ ինչ գնով այն տալ: Ամեն ինչ խառնվել է իրար, դարձել է ապուր, չգիտենք՝ ուր ենք գնում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դերասան Սերգեյ Դանիելյանը՝ խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ընթացող բողոքի ակցիաների մասին:
Ըստ նրա, այս վիճակը կամ կմարի, կամ ոստիկանապետը հերթական անգամ Աստծո առաջ կխաչակնքվի ու տանկերը կքշի ժողովրդի վրա:
«Ինձ թվում է, որ կա պայքարի այլ ճանապարհ՝ ապրանքը տալիս են քեզ, մի առ: Ինչպե՞ս: Տնտեսությունից հեռու մարդ եմ, կարելի է խորհրդակցել մասնագետների հետ: Սակայն կարելի է օրական մի ժամով անջատել լույսը: Արտադրողը մեզ է վնաս պատճառում, մենք էլ այդպես կարող ենք իրեն վնասել: Մի մուծեք լույսը, թող տրաքի այդ կազմակերպությունը: Միլիոնավոր կորուստներ կկրի»,- ասաց դերասանը:
Ըստ Ս. Դանիելյանի, իշխանության դեմ գնալը փակուղի է տանում: Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ճիշտ էր, որ ցուցարարները չհամաձայնվեցին հանդիպել երկրի ղեկավարի հետ, դերասանն ասաց. «Չեմ կարող ասել՝ ճիշտ էր, թե ոչ: Իսկապես շատ բաներ չեմ հասկանում: Կարծո՞ւմ եք Տիգրան Կարապետյանն եմ՝ ամեն ինչ գիտեմ, որ ամեն հարցի մասին խոսեմ ու հազամ»:
Իսկ թե ինչպե՞ս է վերաբերում, որ ՀԷՑ-ի տնօրեն Բիբինը չէր մասնակցում Ազգային ժողովում կայացած լսումներին, Ս. Դանիելյանն ասաց. «Ինքը մեզ չի հարգում: Մեզ դիտում են որպես միավոր, պետությանը նայում են որպես վասալ: Ծախել պրծել են, փողը մեջ-մեջ արել պրծել են: Կախեն նրան, ով ծախել է, իհարկե, կուրախանեմ, բայց դրանից հոսանքը չի էժանանա: Եթե ուզում ենք պատճառները վերացնել, երկար ժամանակ է պետք: Իսկ եթե ուզում ենք կոնկրետ այս հարցը լուծել, պետք է զբաղվենք կոնկրետ այս հարցով»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան