Արտահերթ կարգով Սևանա լիճ է բաց թողնվել 43 հազար գեղարքունի և ամառային իշխանի մանրաձուկ
«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի (40 հազար հատ), և Սևանա լճում իշխանի վերականգնման ծրագրի շրջանակներում ցանցավանդակային պիլոտային աշխատանքներ իրականացնող «ԷՄԻ ՖՈՒԴ» ՍՊԸ-ի կողմից (3 հազար հատ) մանրաձկան անհատույց տրամադրման գործընթացի շրջանակներում հունիսի 23-ին ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի հսկողության ներքո Սևանա լիճ առաջին անգամ արտահերթ բաց է թողնվել 43 հազար գեղարքունի և ամառային իշխանի մինչև 30 գրամ կշռող մանրաձուկ: Այս մասին հայտնում են ԲՆ մամուլի ծառայությունից:
Բացթողնման աշխատանքներին հետևել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Աղաջանյանը և այլ կազմակերպությունների ու հարակից համայնքների ներկայացուցիչներ:
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, կարևորելով միջոցառումը, հայտարարել է. «Քանի որ Սևանում իրականացնում ենք շատ կարևոր ծրագիր, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի հետ նպատակահարմար գտանք և առաջնային որոշում կայացվեց ձկան պաշարների ավելացման ծրագիրն ավելի վաղ սկսել` մինչև «Սևանի իշխան» ՓԲԸ-ի կողմից գործարանի կառուցումը: Առաջիկայում եթե մենք կարողանանք բացթողումներն իրականացնել ըստ նախատեսվածի ևս մի քանի տարի, ապա այն թույլ կտա մեզ հետագայում հստակ խոսել Սևանում արդյունագործական ձկան պաշարների մասին և լուծել արդյունագործական ձկան որսի խնդիրը: Ասեմ նաև, որ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը նպատակահարմար է գտել այս տարի ևս 200-300 հազար մանրաձուկ բաց թողնել Սևանա լիճ»:
Բնապահպանության նախարարն ևս մեկ անգամ դիմել է ազգաբնակչությանը, որպեսզի Բնապահպանության նախարարության կողմից հաստատվող Սևանում որսի արգելքի ժամանակահատվածում` ձկան ձվադրման ժամանակ, զերծ մնա ձկնագողությունից, որպեսզի հետագայում հնարավոր լինի խոսել արդյունագործական որսի մասին:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, խոսելով ծրագրի սոցիալական բաղադրիչի մասին, հայտնել է, որ այն թույլ կտա մարզում ստեղծել շուրջ 5 հազար աշխատատեղ:
«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Աղաջանյանը հայտնել է, որ Սևանում իրականացվելու են ոչ միայն ձկան բացթողնման, այլ նաև բնապահպանական այլ ծրագրեր: Մասնավորապես` կատարվելու են գետերի հուների մաքրոման աշխատանքներ, որպեսզի ձուկը կարողանա բնականոն ձևով ձվադրել ու վերարտադրվել, ինչպես նաև Սևանում կառուցվելու են մաքրման կայաններ:
ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչությանը և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին հանձնարարվել է մանրաձկան բացթողնման վայրերում երեք օր կազմակերպել շուրջօրյա հսկողություն: