Չեմ կարծում, որ այդ խնդիրները քննարկում են հանրահավաքներում. Արտեմ Ասատրյան
Արվել է առավելագույնը, որպեսզի էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանա միայն նվազագույն չափով, ինչն օբյեկտիվ հիմք ունի: Այս մասին այսօր Կառավարության նիստին հաջորդած ասուլիսում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ անցկացվող ակցիային:
«Բոլորս, ամբողջ հասարակությունը խնդիր ունի հասկանալու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման հիմքում դրված այն օբյեկտիվ իրողությունները, որոնք տվյալ դեպքում առկա են: Ընդհանրապես պետք է օբկեյտիվորեն դիտարկենք այդ հարցը»,- նշեց Ա.Ասատրյանը:
Նա նաև նշեց, որ բացարձակապես չի կիսում այն տեսակետը, թե հնարավորություն կար որևէ ձևաչափ ապահովել, որպեսզի չբարձրանար էլեկտրաէներգիայի սակագինը, բայց չի արվել:
«Վստահաբար ասում եմ, որ կառավարությունը, համապատասխան պետական մարմինները իրականացրել են անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի սակագինը չբարձրանա: Մենք պետք է ընդունենք, որ օբյեկտիվ հիմքով ձևավորված սակագին է։ Այսօր մենք ունենք որոշում և բոլորս պետք է վստահենք համապատասխան մարմիններին, որոնք ներկայացրել են համապատասխան հաշվարկները, ըստ որոնց՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հիմքում ներառված չէ սուբյեկտիվ որևէ երևույթ»,- ասաց նախարարը:
Պատասխանելով հարցին, թե սոցիալապես անապահով ընտանիքների համար սուբսիդավորելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հավելյալ ծախսը, արդյոք կրկնակի բեռ չեն դնում մյուս քաղաքացիների վրա, Ա.Ասատրյանն ասաց, որ սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցությունը ամբողջ հասարակության խնդիրն է:
«Սոցիալական քաղաքականության շրջանակներում իրականացվող ծրագրերը պետք է համահունչ լինեն մեր սոցիալ-տնտեսական իրավիճակին և ունեցած հնարավորություններին։ Որևէ քաղաքացի չի կարող չհամաձայնել այն մոտեցումների հետ, որ դրված են այս որոշման հիմքում: Այսինքն՝ սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցությունը ամբողջ հասարակության խնդիրն է, և բնականաբար, դա իրականացվելու է պետբյուջեի հաշվին համապատասխան ծրագրերի միջոցով»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ կառավարությունը ընդունեց որոշում, որով սոցիալապես անապահով շուրջ 105.000 ընտանիքների կամ շուրջ 400.000 անձանց համար, առաջարկվում է ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի չափը բարձրացնել տարեկան 24,000 ՀՀ դրամի չափով: Այսպիսով, սոցիալապես անապահով խավի համար սակագնի բարձրացման հետևանքները մեղմելու համար կառավարությունը տարեկան կհատկացնի ավելի քան 2.5 մլրդ դրամ:
Հարցին, թե որպես սոցիալական պաշտպանության ոլորտի ղեկավար՝ արդյոք չի պատրաստվում հանդիպել Բաղրամյան պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցների հետ, նախարարը նշեց, թե ինքը մշտապես հանդիպում է քաղաքացիների հետ, սակայն չի կարծում, որ հանրահավաքի վայր այցելելու և սոցիալական խնդիրները քննարկելու անհրաժեշտություն կա:
«Ունենք համապատասխան ձևաչափ, և չեմ կարծում, որ այդ խնդիրները քննարկում են հանրահավաքներում: Դրա համար կան հանրային լսումներ, որոնք միշտ կազմակերպել ենք: Մենք միշտ բաց ենք եղել և հիմա էլ բաց ենք, եթե կան օրակարգային հարցեր քննարկելու անհրաժեշտություն»,- նշեց Ա.Ասատրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան