Պետք է ստեղծել Հարավային Կովկասի իրավական համակարգ, իրավաբանական տարածաշրջան. Վրաց նախարար
Երևանում մեկնարկել է հայ-վրացական իրավական համագործակցության ֆորումը: Բացման խոսքում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նախ ասաց, որ առաջին անգամ է նման ֆորմատով ֆորում անցկացվում ու կարևորեց ֆորումի անցկացումը մի քանի տեսանկյունից. «Առաջին նմանատիպ ֆորումն է, հավակնում է դառնալ մշտական՝ ընդգրկելով այլ երկրներ: Ֆորումի ընթացքում քննարկվող թեմաները կարևոր են և ակտուալ հատկապես այն բարեփոխումների համատեքստում, որոնք մեր երկրներն իրականացնում են: Նմանատիպ ձևաչափով միջոցառումները կարևոր են երկկողմանի հարաբերություններն ամրապնդելու համար»:
Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին նշեց, որ այս ֆորումը համագործակցության կոնկրետ արտահայտում է. «Այսօր մեր պետությունները բոլոր ուղղություններով համագործակցում են: Ինձ ուրախացնում է այն փաստը, որ արդարադատության ոլորտում համագործակցությունը հասել է բարձր մակարդակի»:
Վրաց նախարարը նշեց, որ ամեն ինչ անելու է հայ-վրացական ֆորումը լինի մշտական. «Ուզում եմ, որ ներգրավվեն այլ երկրների արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներ, որոնց հետ միասին հնարավոր կլինի ստեղծել Հարավային Կովկասի իրավական համակարգ, որն այսօր մենք չունենք, ինչպես նաև իրավաբանական տարածաշրջան: Համոզված եմ, որ այս գործում օգտակար կլինի այս ֆորումը»:
Վրաստանը ֆորումին ներկայացված է բավականին մեծ պատվիրակությամբ: Վրաստանի պատիժների կատարման և պրոբացիայի հարցերով նախարար Գեորգի Մղեբրիշվիլին նշեց, որ երկու երկրների միջև մշակութային, քաղաքական, տնտեսական կապերը, բարիդրացիական հարաբերությունները դարերի պատմություն ունեն: Նա կարևորեց արդարադատության ոլորտում կուտակված փորձի փոխանակումը՝ ընդգծելով, որ այդ փորձը կարող են օգտագործել երկու երկրներում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը:
Երկօրյա համաժողովի ընթացքում քննարկվելու են իրավական ոլորտին վերաբերող տարբեր հարցեր՝ «Հանրային ծառայության ոլորտի բարեփոխումներ և կառուպցիայի դեմ պայքար», «Քրեակատարողական համակարգի և պրոբացիայի ծառայության բարեփոխումները», «Բաց կառավարման համագործակցություն» և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում