Վարչապետի կոչը ցուցարարներին
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետը դիմեց Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ակցիա իրականացնող քաղաքացիներին. «Նման ոճը որևէ հաջողության չի բերելու, առաջարկում եմ լինել կառուցողական և կառավարությունը պատրաստ է քննարկել յուրաքանչյուր հարց, որ բարձրացվում է։ Փակելով կենտրոնական փողոցներից մեկը և խաթարելով մեր քաղաքացիների ազատ տեղաշարժը, խախտում են Սահմանադրությունը։ Կոչ եմ անում քաղաքացիներին, վերադառնալ կառուցողական դաշտ ու միասին քննարկել բոլոր խնդիրները»:
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց 2015թ-ին ՀՀ ոստիկանության կարգապահական կազմում ընդգրկել 5 հասարական գործիչների։ Այս առիթով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ այս հարցը քննարկման օրակարգում էր դեռ այն ժամանակ, երբ Բաղրամյան փողոցում չէին սկսվել ակցիաներ։
Սակայն, ըստ նրա, ոստիկանության կարգապահական հանձնաժողովի աշխատանքներն այս օրերին ավելի ակտուալ է դառնում։
«Այս մարմնի նպատակը մեկն է՝ հավաքների ժամանակ հասարակական կարգի պահպանմանը ներգրավված ոստիկանության ծառայողերի կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումների վերաբերյալ իրականացնել ծառայողական քննություն, որոշել նրանց գործողությունների իրավաչափությունը»,-ասաց նա։
Վարչապետն ընդգծեց, որ հունիսի 23-ի վաղ առավոտյան Բաղրամյան փողոցում ոստիկանական ստորաբաժանումների գործողությունները հասարակության և միջազգային գործընկերների կողմից որոշակի արձագանք են առաջացրել։
«Ոստիկանությունը հայտարարել էր, որ մի շարք դեպքերով ծառայողական քննություններ են սկսվել։ Այս տեսանկյունից կարգապահական հանձնաժողովը ևս անելիք ունի։ Բացի արդյունավետ աշխատանքից հանրությունն ակնկալում է օբյեկտիվ ու թափանցիկ աշխատանք»,-ասաց նա։
Նախորդող հրապարակում`
Կառավարության նիստից. Սակագնի բարձրացումը՝ որպես օբյեկտիվ իրականության պահանջ (լրացված)