Ադրբեջանցի զինծառայողների դիերը էվակուացվել են և հանձնվել ադրբեջանական կողմին. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ ադրբեջանական կողմը հայ-ադրբեջանական սահմանագծին փնտրել և հունիսի 25-ին գտել է ադրբեջանցի երկու զինծառայողների դիերը: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին:
Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն, ադրբեջանցի երկու զինծառայող կրտսեր սերժանտ Մուսաև Մուսան և Յոլչուև Թուրալը կորել էին Ղազախի շրջանի լեռնային տեղանքում՝ հայ-ադրբեջանական սահմանից ոչ հեռու: Ըստ տարբեր աղբյուրների, նրանք ականի վրա պայթել էին: Դարձյալ նույն աղբյուրների համաձայն, նրանց հետ եղել է նաև երրորդ անձ, որը շտապ վերադարձվել է ադրբեջանական իշխանությունների կողմից:
«ԿԽՄԿ ներկայացուցիչները գտնվել են սահմանի այս և այն կողմերում, իսկ զինծառայողների որոնողական աշխատանքները կատարել են ադրբեջանցի մասնագետները: Արդյունքում գտնվել է երկու դի, որոնք էվակուացվել են այդ տեղանքից», -ներկայացրեց Ամատունին` ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են եղել օգնել այդ հարցում:
Ավելի վաղ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ադրբեջանցի զինծառայող չի անցել հայկական կողմ` հերքելով ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան