Գիշերը Բաղրամյան պողոտայում խաղաղ է եղել. Թևան Պողոսյան
Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիան շարունակվում է: ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն, ով ողջ գիշերն անցկացրել է ցուցարարների կողքին, տեղեկացրեց, որ շուրջ 700 մարդ է գիշերել Բաղրամյան պողոտայում, գիշերը խաղաղ է անցել:
«Ուրախ եմ, որ շատ խաղաղ էր, հանդարտ, երիտասարդությունը իսկապես ոգեշնչված իր նպատակն է տանում առաջ։ Կարողացել են իսկապես այնպես անել, որ մեծ քանակով մարդիկ են ներգրավված, մասնակցում են, և պետք է ուրախությամբ նշեմ, որ համեմատած անցած գիշերվա, որ նույնպես այստեղ էինք, մոտ 700 հոգի մարդ դեռ մնացել է և իսկապես կարելի է վստահել, վստահ լինել, որ որևէ մեկը չի պատրաստվում հետ կանգնել իր պահանջից, և հուսով եմ, որ կառավարությունը լուրջ կվերաբերվի երիտասարդների պահանջներին և կյանքի կկոչենք»,-ասաց պատգամավորը։
Թ. Պողոսյան նշեց, որ սադրանքի մի քանի դեպքեր եղել, որոնք որևէ լուրջ հետևանքներ չեն ունեցել. «Մի քանի դեպքեր կային, որոնք չի կարելի կոչել լուրջ սադրանք, մարդիկ փորձել են հրահրել: Միգուցե նյարդերը չեն դիմանում, միգուցե իսկապես կան հատուկ սադրիչներ, որոնք փորձում են սև բիծ բերել այս խաղաղ միջոցառմանը, բայց այնուամենայնիվ, և՛ կամզակերպիչները, և՛ոստիկանները և՛ մենք փորձեցինք ամեն ինչ անել, որ նմանատիպ դեպքերն արագ կանխվեն և չկրկնվեն»։