Orange-ը կազմակերպում է անվճար կինոդիտումներ մարզային 10 քաղաքների բնակիչների համար
Orange ընկերության նախաձեռնությամբ հունիսի 28-ից մինչև օգոստոսի վերջ Հայաստանի մարզերի բնակիչների համար կկազմակերպվեն անվճար կինոդիտումներ:
Ինչպես այսօր ծրագրի մեկնարկի ժամանակ հայտարարեց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը, Orange-ը մարզային 10 քաղաքների բնակիչների համար կիրականացնի «Orange Կինո Tour» ամառային լայնածավալ ծրագիրը, որի նպատակն է տոնական տրամադրություն պարգևել մարզերի բնակիչներին:
Այսպիսով, հունիսի 28-ից մինչև ամռան վերջին շաբաթը, ամեն կիրակի Orange-ը մարզային մեկ քաղաքի բնակիչներին միասին լավ ժամանակ անցկացնելու և մեծ էկրանին «Կորած-մոլորվածը Հայաստանում» ընտանեկան կինոկատակերգությունը դիտելու հնարավորություն կընձեռի: Մարզերի բնակիչներն ընտանիքի բոլոր անդամների հետ միասին բացօթյա կինոթատրոններում կհյուրընկալվեն ժամը 19:00-ից սկսած, որտեղ նրանց կսպասեն մանկական մրցույթներ, բազմաթիվ անակնկալներ և նվերներ: Ցուցադրությանը հաջորդող ողջ շաբաթվա ընթացքում այս քաղաքների և շրջակա գյուղերի բնակիչների համար հասանելի կլինեն ձայնային և ինտերնետ ծառայությունների հատուկ առաջարկներ:
«Կինոն Orange-ի կողմից հովանավորվող կարևոր ոլորտներից մեկն է: Այսօր մենք սկսում ենք «Orange Կինո Tour» ծրագիրը, որով նպատակ ունենք տոնական տրամադրություն պարգևել մարզային բնակիչներին՝ նրանց հնարավորություն ընձեռելով հաճելի երեկո անցկացնել իրենց հարազատների հետ և վայելել հայկական սիրված կինոկատակերգություններից մեկը: Հայաստանի 20 գյուղերում երեխաների համար անցկացված նկարչության անվճար դասընթացներից հետո կազմակերպվող այս նախաձեռնությունը Հայաստանի մարզերի բնակչության նկատմամբ Orange-ի յուրահատուկ ուշադրության ևս մեկ վկայությունն է»,- ասաց Ֆրանսիս Ժելիբտերը:
Օրանժ Արմենիայի Բրենդի և հաղորդակցության տնօրեն Արամ Մկրտչյանն էլ նշեց, որ «Orange Կինո Tour» ծրագիրը իրենց երկար սպասված նախաձեռնություններից մեկն է:
«Այսպիսով, ամառը ոչ միայն շոգ է լինելու, այլև՝ հաճելի»,- ասաց նա:
Հարցին, թե ինչու են «Կորած-մոլորվածը Հայաստանում» ֆիլմը ընտրել, Ա.Մկրտչյանը նշեց, որ իրենք առաջին հերթին խնդիր են դրել ընտրել հայկական ֆիլմ, իսկ նախապատվությունը տվել են այս ֆիմին նրա համար, որ այն պոզիտիվ է, գունեղ է և չի հասցրել ունենալ այնպիսի մեծ դիտում, ինչպես որոշ այլ հայկական ֆիլմեր. «Կարծում ենք, որ ընտանեկան կինոդիտման համար սա շատ լավ ֆիլմ է»: