Թևան Պողոսյան. Ցավոք, երիտասարդները չգտան որևէ այլ ուղի իրենց պահանջի վրա ուշադրություն հրավիրելու
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող երիտասարդների հետ քննարկման պատրաստ է թե իշխանությունը, թե հանրապետության նախագահը: «Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, ով մշտապես Բաղրամյան պողոտայում է, բողոքի մասնակիցների կողքին ու «Կենդանի պատ»-ի մասնակից, նկատեց, որ եթե Ազատության հրապարակում նրանց այցելեին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամները, հնարավոր է իրադարձություններն այլ ուղով ընթանային:
«Ցավոք սրտի, երիտասարդները չգտան որևէ այլ ուղի իրենց պահանջի վրա ուշադրություն հրավիրելու և շարժվեցին Բաղրամյան պողոտա: Ուրախ եմ, որ իշխանությունների կողմից կա խնդիրները քննարկելու առաջարկ, բայց եթե մի կողմը իր պահանջները պարզ ներկայացրել է, իսկ մյուս կողմը հրավիրում է առանց նշելու ինչ խնդիրների շուրջ է քննարկումը լինելու, ապա կա նաև մտավախություն»,-ասաց պատգամավորն ու հավելեց, որ բողոքի մասնակիցները պահանջ են ներկայացրել երկրի ղեկավարին ու սպասումներն էլ հենց նրանից են ու հիշեցրեց Մաշտոցի պուրակի նախադեպը:
Անդրադառնալով կառավարության նիստում արված հայտարարությանը Թ. Պողոսյանն ասաց, որ ցուցարների արձագանքն այսպիսին էր. «Մեր պահանջը ձեզ չէ, ինչու եք դուք արձագանքում»: Պատգամավորի դիտարկմամբ, կառավարության մատնանշած քայլերը խնդրի ամբողջական լուծում չեն ապահովում. «Դա չի նշանակում, որ ՀԷՑ-ը լավ է աշխատելու, այնտեղ կոռուպցիոն երևույթներ այլևս չեն լինելու, մարդիկ ենթադրում են, որ հարկային բեռն է ավելանալու: Ինձ թվում է, որ սպասվում էր, պահանջատեր երիտասարդության ռեակցիան հենց այսպիսին պետք է լինի»: