Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը կմեկնի Հարավային Կորեա
Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում հուլիսի 3-ին կմեկնարկեն 28-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերը (Ունիվերսիադա), որոնց կմասնակցեն նաև Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը:
Մրցաշարին ընդառաջ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչների մամուլի ասուլիսը: Պատվիրակության ղեկավար, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ, սպորտի վարպետ, մանկավարժական գիտությունների թեկնածու Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացրել է, որ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերին Հայաստանից մասնակցելու են 22 հոգի, այդ թվում 12 մարզիկ, 6 մարզիչ, 2 մրցավար: Հայաստանի ուսանող մարզիկները կպայքարեն 6 մարզաձևում՝ սուսերամարտ, ձյուդո, թաեքվոնդո, սպորտային մարմնամարզություն, լող և թենիս: Հայաստանի ազգային հավաքականը 28-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերում ելույթները կավարտի հուլիսի 14-ին: Հ. Գաբրիելյանի խոսքով՝ մրցութային մարզաձևերը՝ համաձայն Ունիվերսիադայի անցկացման կանոնների, ընտրվել են կազմակերպիչ երկրի կողմից:
«Հենց այդ հանգամանքով է պայմանավորված, որ մենք ազգային թիմում չենք ընդգրկել այնպիսի մարզաձևեր, օրինակ՝ շախմատ, ըմբշամարտ, բռնցքամարտ, որոնցում մեր մարզիկներն ավանդաբար հանդես են գալիս հաջողությամբ: Սակայն մեր թիմը լավ է նախապատրաստված և մենք հույս ունենք, որ Գվանգջուից վերադառնալու ենք հաղթանակով»,- նշել է Հ. Գաբրիելյանը:
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան կազմավորվել է 1994 թվականին: Հայաստանի ուսանող մարզիկները Համաշխարհային ուսանողական մարզական խաղերին մասնակցում են 1995 թվականից: Այս ընթացքում Հայաստանի թիմը ունեցել է լուրջ հաջողություններ, մասնավորոպես՝ 2011 թվականին Չինաստանի Շեն Ժեն քաղաքում կայացած Ունիվերսիադայից հայ ուսանող մարզիկները վերադարձել են ոսկե մեդալով, իսկ 2013 թվականի ՌԴ Կազան քաղաքում կազմակերպված մրցումներում նվաճել են 10 մեդալ, այդ թվում մեկը՝ ոսկե: Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է: Այս մասին հայտնում է ԿԳՆ լրատվական ծառայությունը:
Ասուլիսին ներկա են եղել նաև սուսերամարտիկ Լիլիթ Էվոյանը, մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը, մարզիչ Կարեն Բաղդասարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան