Երևանի կենդանաբանական այգու Մանուկ գետաձին էֆթանազիայի կենթարկվի
Երևանի կենդանաբանական այգու բնակիչ 28-ամյա Մանուկ գետաձին օրերս էֆթանազիայի կենթարկվի։ Այս մասին տեղեկացնում են Երևանի կենդանաբանական այգուց:
«Թեև համարվում է, որ գետաձիերի կյանքի տևողությունը կարող է հասնել 40 տարու, հայտնի է նաև, որ այս կենդանիները երկար կյանք չեն կարող ունենալ սեղանատամների քայքայումից հետո։
Մանուկը վերջին տարիներին պարբերաբար բուժում է ստացել. մեր կենդանաբույժների հետևողական և հոգատար վերաբերմունքի շնորհիվ հնարավոր դարձավ կենդանու կյանքը երկարացնել ևս մի քանի տարով։ Սակայն վերջին օրերին գետաձին շատ թույլ է, հրաժարվում է սնունդ ընդունել. ծերացած օրգանիզմն այլևս չի պայքարում հիվանդության դեմ։ Օրերս Մանուկ գետաձին էֆթանազիայի կենթարկվի՝ համաձայն Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի համապատասխան կանոնակարգի։
Մանուկ գետաձին մեր կենդանաբանական այգու ամենահին բնակիչներից մեկն է. Երևան է բերվել 1989-ին՝ 2 տարեկան հասակում, Նիկոլաևի կենդանաբանական այգուց:
Հայտնի է այս կենդանիների 2 տեսակ՝ Սովորական գետաձի (Hippopotamus amphibious) և Լիբերիական կամ թզուկ գետաձի (Choeropsisliberiensis): Երևանի կենդանաբանական այգու գետաձիերը Սովորական գետաձիեր են: Այս տեսակը գրանցված է Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) Կարմիր ցանկում՝ «խոցելի» կարգավիճակով»,- հայտնում են Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից։