Արտակ Զեյնալյանը պայքարի նոր տակտիկա է պատրաստել իրավապահ համակարգի դեմ
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը խաղաղ հավաքների ժամանակ և, ընդհանրապես, անհասկանալի է համարում ջրցան մեքենաների կիրառումը, որոնցից քաղաքակիրթ շատ երկրներ վաղուց հրաժարվել են: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Զեյնալյանն ասաց, որ ժողովրդավարական երկրում ջրցան մեքենաների կիրառումը տեղին չէ, ուր մնաց դրանց կիրառման համար կարգ մշակել:
Ինչ վերաբերում է հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ցուցարարների նկատմամբ ջրցան մեքենան գործի դնելուն և հավաքը ցրելուն, Զեյնալյանն ասաց. «Ընդհանրապես, խաղաղ հավաքների ազատության իրավունքը այնպիսի դեր ու նշանակություն ունի ժողովրդավարական հասարակարգում, որ դրա նկատմամբ ոտնձգությունը արգելված է, եթե հավաքը խաղաղ բնույթ է կրում: Մարդիկ իրացնում էին իրենց բողոքի իրավունքը, մարդիկ իրացնում էին որոշումների ընդունմանը մասնակցելու իրավունքը: Այդ օրն այնպիսի զանգված էր հավաքվել, որ ֆիզիկապես փակել էր ճանապարհը, այսինքն` այնքան կարևոր էր խնդիրը, որ զանգվածը կարող էր փակել փողոցը: Իսկ դա նշանակում է` այդ մարդկանց պետք է լսել-հասկանալ, նշանակում է իրավական պաշտպանության այլ մեխանիզմները չեն աշխատում երկրում: Դրա համար են մարդիկ դիմել այդ ճանապարհին, նշանակում է իշխանությունները չունեն լեգիտիմություն և նրանց նկատմամբ ուժ գործադրելը, ցրելը հակաօրինական է»:
Իրավապաշտպանը մտավախություն ունի, որ դա կկրկնվի, քանի որ «իշխանությունները հո մի քանի օրում չե՞ն փոխվում, որ չկրկնվի»:
Դիտարկմանը, թե ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել այդ օրը ոստիկանների կողմից կատարված գործողությունների կապակցությամբ, իրավապաշտպանը վրդովված նկատեց. «Ինչի՞ են ծառայողական քննություն իրականացնում, դա ի՞նչ կատեգորիա է: Տուժողը մասնակցություն ունի՞ ծառայողական վարույթին: Հակասահմանադրական վարույթ է այդ ծառայողական քննություն կոչվածը: Պետք է իրականացվի քրեական վարույթ, որ էդ մարդիկ պատժվեն, որ էլ չկրկնվի նման բան»:
Արտակ Զեյնալյանը «Լևոն Բարսեղյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության» գործով մեծ հաջողությունների էր հասել, քանի որ հայաստանյան դատարանը ճանաչել էր ոստիկանության ծառայողների կողմից Լևոն Բարսեղյանի խոսքի ազատության խախտման փաստը: Հիշեցնենք` Բարսեղյանի իրավունքները խախտվել էին 2011 թվականին Երևանում տեղի ունեցած հավաքի ժամանակ:
Զեյնալյանը Panorama.am-ին ասաց, որ նույնաբնույթ հարյուրավոր հայց է ներկայացված նաև 2013-ին տեղի ունեցած դեպքերից հետո: Պարոն Զեյնալյանից հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է հունիսի 23-ի դեպքերի հետքերով դարձյալ դիմեն դատարաններ, իրավապաշտպանը պատասխանեց. «Այդ մասին ձեզ չեմ ասի, դուք դրա մասին կիմանաք, երբ դա արած կլինենք: Մենք ընտրել ենք տակտիկա, որի մասին նախապես չենք ասել: Դա անակնկալ է լինելու»:
Մեր հարցապնդմանը, թե ո՞ւմ համար է անակնկալ լինելու` ոստիկանությա՞ն, իրավապահ համակարգի՞, Զեյնալյանը նույն համառությամբ չպատասխանեց և միայն ասաց. «Մենք բանեցնում ենք մեր պայքարի մեթոդները` հակառակորդից թաքցնել մեր քայլերը: Իհարկե, նրանք դրա մասին կիմանան և պաշտպանության հնարավորություն անպայման կունենան»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան