«Հայաստան» հիմնադրամը Քարին Տակում համայնքային կենտրոն է կառուցել
Այսօր` «Հայաստան» համահայկական հիմնադրամը հանդիսավորությամբ բացել է Քարին Տակ գյուղի (ԼՂՀ Շուշիի շրջան) նորակառույց համայնքային կենտրոնը, որը կյանքի է կոչվել Հիմնադրամի Արgենտինայի տեղական մարմնի (հովանավորներ` Դեվեճիէան ընտանիք, Էքսերճիէան ընտանիք, Քիրքոր Շիմշիրողլու) և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ:
Համայնքի համար նշանակալից օրվան առանձնակի ջերմություն էր հաղորդել արգենտինահայ բարերարներ Նշան Դեվեճիէանի, Քիրքոր Շիմշիրողլուի, Պողոս Էքսերճիէանի ներկայությունը, ովքեր հայրենիք են ժամանել մասնակցելու իրենց հովանավորած ծրագրերի բացումներին: Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:
Երկհարկանի ժամանակակից կառույցը զարդարում է գյուղի մուտքը: Համալիր այս կենտրոնում այսուհետ կտեղակայվեն գյուղի բուժկետը, գյուղապետարանը, իսկ գրադարանի, համակարգչային սենյակի և հանդիսությունների դահլիճի առկայությունը գյուղում նոր որակ կհաղորդի համայնքի կյանքին:
Հայաստանի և Արցախի գյուղերում գործող այսօրինակ համայնքային կենտրոնները` մեկ տանիքի տակ մեկտեղելով կարևորագույն ենթակառուցվածքները, օգնում են ավելի արդյունավետ կազմակերպել համայնքի կենցաղը և տեղում լուծել շատ հարցեր:զ
2014թ.-ին արգենտինահայ բարերարների միջոցներով նորոգվել է գյուղի դպրոցի մարզադահլիճը: Համայնքային կենտրոնի բացման առիթով էլ դպրոցականները գեղեցիկ սպորտային համազգեստներ ստացան Դեվեճիէան ընտանիքի կողմից:
Ավելի քան 660 բնակիչ ունեցող Քարին Տակը` շնորհիվ Հիմնադրամի, այսօր ունի նաև շուրջօրյա ջրամատակարարում, որը ներքին ցանցով հասանելի է համայնքի 160 տնտեսություններին: Քարին Տակցիների հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է, բնակիչների մի մասն էլ աշխատում է Շուշի քաղաքում, որը գտնվում է գյուղից վեց կմ հեռավորության վրա:
Քարին Տակը հայտնի է իր հերոսամարտով, որի ընթացքում գյուղացիները 1992 թ-ին համառորեն դիմադրելով ադրբեջանական զինյալների հարձակմանը` հերոսաբար ետ են մղել թշնամուն և ազատագրել հայրենի գյուղը, որը գյուղապետ Մխիթար Առուշանյանի խոսքով` այն ժամանակ միակ հայկական գյուղն էր Շուշիի շրջանում:
Տարեսկզբից Հայաստանում և Արցախում Հիմնադրամի ջանքերով արդեն իսկ բնակիչների կողմից շահագործվում են Պատարա, Խանցք, Խաչմաչ, Շոշ (ԼՂՀ Ասկերանի շրջան) գյուղերի նորակառույց համայնքային կենտրոնները, Սասունիկ համայնքի նորակառույց մանկապարտեզը (ՀՀ Արաgածոտնի մարզ) և Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան նորակառույց փակ լողավազանը (Շիրակի մարզ):
Առաջիկայում էլ կբացվեն Տավուշի մարզի Կիրանց գյուղի ոռոգման ջրագիծն ու Խաչարձան գյուղի դպրոցը: