Ազգային պատկերասրահի ֆոնդերում շատ են վերականգնման կարիք ունեցող ցուցանմուշները. բաժնի վարիչ
«Մեր նպատակն է Ազգային պատկերասրահի վերականգնողական բաժինը վերածել կենտրոնի և պատկերասրահը լինի ոչ միայն թանգարան, այլ նաև գիտահետազոտական կենտրոն՝ վերականգնողական հզոր բաժիններով»,- հայազգի նկարիչ Ակիմ Ավանեսովի վերականգնած «Դարից դար» կտավը ներկայացնելու ժամանակ ասաց Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:
Նա նշեց, որ իրենց քաղաքականությունը բաց է, Ազգային պատկերասրահը բաց կառույց է, հարթակ այն բոլոր մարդկանց համար, ովքեր ուզում են լավ բան անել Հայաստանի, հայ մշակույթի համար:
Հայաստանի ազգային պատկերասրահի Վերականգնման և կոնսերվացման բաժնի վարիչ՝ Իգոր Պողոսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ նկարների վերականգնումը Ազգային պատկերասրահում արվում է շատ բարձր մակարդակով, չի զիջում հայտնի ռեստավրացիոն կենտրոններում վերականգնված կտավներին: Պատկերասրահի ռեստավրացիոն արվեստանոցում աշխատող մասնագետները, ըստ նրա, ամեն տարի վերապատրաստվում են:
Իգոր Պողոսյանն ասաց, որ պատկերասրահի ֆոնդերում շատ են այնպիսի ցուցանմուշները, որոնք վերականգնման կարիք ունեն: «Կա խորհուրդ, որն ամեն տարի որոշում է, թե այդ տարվա ընթացքում որ ցուցանմուշները պետք է վերականգնվեն: Կազմվում է մեկ տարվա պլան: Եղել է տարի, որ արվեստի 30-40 գործ ենք վերականգնել»,- նշեց նա:
Ըստ Ի. Պողոսյանի, ցուցանմուշները հիմնականում վնասվել են պահպանման վատ պայմանների պատճառով:
Ազգային պատկերասրահի գլխավոր ֆոնդապահ Վեհանուշ Փունարջյանն ասաց, որ իրենց հավաքածուն կազմում է 40 հազար՝ գեղանկար, գրաֆիկա, դեկորատիվ կիրառական արվեստ, քանդակ: Ցուցադրվում է ընդամենը 2500-ը. «Տարածքի հետ կապված՝ այդքան աշխատանք ցուցադրելու հնարավարություն ունենք: Շենքում շատ են ապակիները, գրեթե պատ չունենք նկար կախելու համար: Ապակիները նաև թանգարանային առարկաներն են վնասում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա