Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Իրանը խուսափում է գազ արտահանել Իրաք
«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Իրանը խուսափում է գազ արտահանել Իրաք»,-այդ մասին նշված է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության կայքում թողարկված հոդվածում:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ թեև Իրան-Իրաք գազատարի շինարարությունն արդեն ավարտին է հասցվել, սակայն Իրաքում ստեղծված անկայուն իրավիճակի պատճառով հետաձգվում է իրանական գազն Իրաք արտահանելու գործընթացը:
ԻԻՀ նավթի փոխնախարար Համիդռեզա Արաղին, հաստատելով սույն տեղեկատվությունը, նշել է, որ թեև Իրանը պատրաստ է գազ արտահանել և գազամուղի փորձարկումն արդեն սկսվել է, սակայն մի շարք խնդիրների պատճառով այն դեռ չի գործարկվի:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ 2009թ. Իրանի և Իրաքի միջև ստորագրված պայմանագրի համաձայն՝ Իրանը պարտավորվել է օրական 20-25 միլիոն քմ գազ արտահանել Իրաք: Իրան-Իրաք գազամուղը սկիզբ է առնում Իլամ նահանգից, երկարությունը կազմում է 97 կմ:
Հիշեցնենք, որ Իրանի գազի ազգային ընկերության՝ միջազգային կապերի պատասխանատու Ազիզօլլահ Ռամազանին օրերս, անդրադառնալով իրանական գազը Եվրոպա առաքելու հնարավորությանը, մատնանշել է գազի առաքման մի քանի ուղիներ, որոնցից մեկն Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծով ուղղությունն է: Բացի վերոնշյալից՝ Թեհրանում քննարկում են նաև Իրան-Թուրքիա, Իրան-Ադրբեջան-Վրաստան-Սև ծով, Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան ուղղություններով Եվրոպա գազ առաքելու հնարավորությունները:
Ազիզօլլահ Ռամազանիի խոսքով՝ Իրանը հնարավորություն ունի տարեկան շուրջ 30 միլիարդ խորանարդ մետր գազ առաքել Եվրոպա:
Հավելենք, որ ապրիլին ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեիսին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլուցիա» հաղորդաշարին տված հարցազրույցում, անդրադառնալով Հայաստանի տարածքով իրանական գազի արտահանման հավանականությանը, մասնավորապես նշել էր. «Իրանական գազը Եվրոպա արտահանելու վերաբերյալ դեռևս խոսակցություն չի եղել, սակայն եթե նման քննարկումներ լինեն, ապա որպես կարճ, ապահով և տնտեսապես ձեռնտու ուղություն կարող է քննարկվել նաև Հայաստանի տարբերակը»: