Աուդիտ չի նշանակում սակագնի բարձրացման մասին որոշման կասեցում. Պատգամավոր
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում աուդիտ անցկացնելը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշման կասեցում: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը` արձագանքելով հունիսի 26-ին տարբեր շրջանակներում տարածված խոսակցություններին, թե ՀԷՑ-ում աուդիտը նշանակում է նաև սակագնի բարձրացման մասին որոշման կասեցում:
«Աուդիտ նշանակում է հաշիվների ստուգում. ծախսերի, ստացվող եկամուտների ամբողջ շարժընթացը ուսումնասիրել և գնահատել դրանց արդյունավետությունը: Բայց ես պնդում եմ, որ միայն ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելը ամբողջական պատկեր չի տա, պետք է աուդիտի ենթարկել ամբողջ շղթան` բոլոր արտադրող կայանները»,-հավելեց պատգամավորը:
Հունիսի 26-ին, ՀՀ նախագահի լրատվական ծառայության հաղորդմամբ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը նշել էր, թե ճիշտ կլիներ, որ միջկառավարական հանձնաժողովի կողմից դիտարկվեր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ ցանցերի գործունեության մանրազնին աուդիտի անցկացման հնարավորությունը նրանց ամբողջ գործունեության ընթացքի համար՝ փորձագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Սոկոլովն իր հերթին նշել էր, որ միջկառավարական հանձնաժողովի հովանու ներքո կկազմակերպվի ընկերության գործունեության աուդիտը՝ ներգրավելով փորձագետների, բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին, այդ ամենն իրականացնելով առավելագույնս բաց և թափանցիկ, որպեսզի աուդիտի արդյունքներով բոլորին հասկանալի և միանշանակ լինի իրավիճակը, և ոչ մեկի մոտ հարցեր չծագեն:
Նկատենք, որ հայաստանյան օրենսդրության համաձայն, 1 մլրդ-ից ավելի շրջանառություն ունեցող խոշոր ընկերությունները ամեն տարի ենթարկվում են արտաքին աուդիտի, որի արդյունքները հրապարակվում են:
Նրա խոսքով, ՀԷՑ-ի շրջանառությունը 176 մլրդ դրամ է, որից 120 մլրդ-ը արտադրող կայաններից ձեռք բերվող գնումներն են:
«Ես առաջարկում եմ այդ 120 մլրդ-ն էլ ստուգել, հասկանալ` ծախսերն արդարացվա՞ծ են, թե՞ ոչ: Ես համարում եմ, որ ամբողջ շղթան` արտադրող կայաններից մինչև վերջնական կետ պետք է առողջացվի: Այնպես որ վատ չի աուդիտը, բայց պետք է ամբողջական անել», -նկատեց Մելքումյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան