«Սպեղանի» երգչախումբը Ֆլորենցիայում մասնակցելու է միջազգային մրցույթ-փառատոնի
Այսօր ժամը 20:00-ին, Կոմիտաս թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Սպեղանի» երգչախմբի համերգը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սարինե Ավթանդիլյան): Ծրագրում հնչելու է Կոմիտաս, Երկանյան, Շարաֆյան, Մարենցիո, Պալեստրինա, Մոնտեվերդի, Բրամս: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին մշակույթի նախարարությունից:
Արդի խմբերգային արվեստի զարգացման գործում իր կարևոր ներդրումն ունեցող «Սպեղանի» երգչախումբը ոչ միայն շարունակում է դարերով մշակված հայկական երգչախմբային ավանդույթները, այլև հաջողությամբ յուրացնում այլ դպրոցների մոտեցումները, հայ և արտերկրի հանդիսատեսին մատուցում հոգևոր-դասական, ավանգարդ երգեցողություն:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ երգչախումբը հուլիսին կմեկնի Ֆլորենցիա՝ մասնակցելու միջազգային հեղինակավոր մրցույթ-փառատոնի: «Սպեղանիի» կատարմամբ կհնչեն հայ կոմպոզիտորների՝ Կոմիտասի, Երկանյանի, Շարաֆյանի խմբերգերը:
Երգչախումբը մեծ համբավ և ճանաչում ունի համաշխարհային երաժշտական հասարակայնության շրջանում, համերգներով շրջագայել է Հայաստանում, Արցախում, Ռուսաստանում, Լիբանանում, Իտալիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում` մասնակցելով բազմաթիվ միջազգային փառատոների և արժանանալով դափնեկրի կոչման:
«Սպեղանի» երգչախմբի նվաճումներից է նաև Կոմիտասի Սուրբ Պատարագի ձայնագրումը, որն արժանացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա