Տրամաբանությունը հուշում է` սակագինը չպետք է բարձրանա մինչև աուդիտորական եզրակացությունը. Մանասերյան
«Ես ուրախ եմ, որ որպես տնտեսագետ իմ կարծիքը համընկնում է հանրապետության նախագահի արտահայտած կարծիքի հետ»,- այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնակով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե ճիշտ կլիներ, որ միջկառավարական հանձնաժողովի կողմից դիտարկվեր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ ցանցերի գործունեության մանրազնին աուդիտի անցկացման հնարավորությունը նրանց ամբողջ գործունեության ընթացքի համար՝ փորձագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Տնտեսագետի խոսքերով՝ աուդիտը ՀԷՑ-ի ուղղակի ծախսերի, եկամուտների ամբողջական պատկերը կտա:
Նշենք, որ աուդիտը աուդիտի ենթարկվող անձի ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվության անկախ ստուգումն է, որի արդյունքում տրամադրվում է աուդիտորական եզրակացություն:
«Աուդիտի ընթացքում ստուգվում է, թե ինչ ծախսեր են կատարվել, ինչ եկամուտներ է ընկերությունը ստացել: Այսինքն՝ ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակն է հնարավորություն ընձեռել աուդիտորին՝ կարծիք արտահայտելու այն մասին, թե արդյոք ֆինանսական հաշվետվությունները, բոլոր էական առումներով, կազմված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»,- ասաց Թ.Մանասերյանը:
Տնտեսագետը կարծում է, որ ՀԷՑ-ը գերաշահույթ է ստացել, և այստեղ հարց է առաջանում, թե որքանով է ընկերության վնասն արդարացված, այսինքն՝ որքանով են իրենք իրենց համար ստեղծել այդ վնասները՝ հետագայում սակագինը բարձրացնելու և ավելի մեծ շահույթ կորզելու նպատակով:
«Հասկանալի է՝ կարող են ցանկացած պահի ներկայացնել, որ ունեն վնասներ, բայց այդ վնասները ժամանակավոր բնույթ են կրում, ինչպես վարկերի սպասարկումը և այլն: Իսկ երբ վնասները ծածկվում են, բնականաբար, սակագինը չի նվազում, և իրենք դրանից գերշահույթ են ստանում: Այնտեղ նաև աշխատավարձերի հարց կա, քանի որ խոսվում է բարձր աշխատավարձերի մասին: Դրա համար պետք է պատասխան տրվի, թե ում հաշվին են աշխատավարձերը բարձրացվում: Ի վերջո, այդ աշխատավարձերը նույնպես մտնում են ընդհանուր սակագնի մեջ»,- նշեց Թ.Մանասերյանը:
Պատասխանելով հարցին, թե աուդիտի անցկացնելն արդյոք նշանակում է, որ ավտոմատ կասեցվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը, տնտեսագետն ասաց, որ ինքը չի կարող այդ մասին որևէ բան ասել, դա քաղաքական որոշում պետք է լինի: Այդուհանդերձ, ըստ նրա, ամբողջ տրամաբանությունը հուշում է, որ սակագինը չպետք բարձրանա մինչև աուդիտորական եզրակացությունը:
Տնտեսագետը նաև խորհուրդ տվեց չքաղաքականացնել հարցը և պղտոր ջրում ձուկ չորսալ:
«Այս հարցը չի կարելի քաղաքականացնել: Ինձ համար միևնույն է, թե ինչ ընկերություն է՝ ռուսական, անգլիական, իտալական, ուզբեկական, թե տեղական: Կարևորը՝ օրենսդրությանը համապատասխան լինի նրանց գործունեությունը և սպառողները չվճարեն նրանց թալանի համար»,- ասաց Թ.Մանասերյանը:
Նա նշեց, ինքը կարծում է, որ ՀԷՑ-ում թալան կա և այդ կարծիքին են ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական թևում: Բացի այդ, այդ մասին բարձրաձայնել է նաև Հանրային ծառայությունները կագավորող հանձնաժողովը:
«Միանշանակ, այս թալանի համար որևէ մեկը չի կարող վճարել, այդ թվում ՀՀ նախագահը, վարչապետը, մյուս պաշտոնյանները: Կարծում եմ, որ յուրաքանչյուրիս համար դա իրավական խնդիր է: Եթե թույլ ենք տալիս, որ մեր հաշվին նման բաներ կատարվեն, դա նշանակում է, որ մենք դեռ չենք հասել իրավական պետության»,- նշեց Թ.Մանասերյանը:
Դիտարկմանը, թե արդյոք աուդիտի հարց չպետք է բարձրացվեր դեռ 2014թ-ին, երբ էլեկտրաէներգիայի սակագինը կրկին բարձրացրեցին, տնտեսագետն ասաց, որ բազմիցս նշել է՝ այն պահից սկսած, երբ բացասական մնացորդ է արձանագրվել ՀԷՑ-ում, ՀԾԿՀ-ը պարտավոր էր ահազանգ հնչեցներ:
Թեմային առնչվող հրապարակումներ՝
Ալեքսանդր Արզումանյան. ՀԷՑ-ի աուդիտը ինքնաբերաբար նշանակում է, որ որոշումը կասեցվում է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները