«Տնջրե» պատանի երաժիշտների 4-րդ միջազգային փառատոն` Արցախում
Հունիսի 28-ից հուլիսի 5-ը Արցախում 4-րդ անգամ կկազմակերպվի դասական երաժշտության «Տնջրե» միջազգային փառատոնը, որին կմասնակցեն պատանի կատարողներ աշխարհի 11 երկրներից` Իտալիայից, Սլովենիայից, Բոսնիայից, Ֆինլանդիայից, Շվեդիայից, Լեհաստանից, Լիտվայից, Սինգապուրից, Նիդեռլանդներից, Հայաստանի Հանրապետությունից ու Արցախից:
Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության նախարարությունից տեղեկացնում են, որ փառատոնի շրջանակներում մասնակիցները հանդես կգան անհատ կատարումներով, անսամբլներում և նվագախմբի հետ: Փառատոնային համերգները կկազմակերպվեն Ստեփանակերտ, Շուշի, Մարտակերտ, Բերձոր, Ճարտար քաղաքներում:
Փառատոնի օրերին Ֆինլանդիայից ու Նիդեռլանդներից հրավիրված ճանաչված դասատուների կողմից կտրվեն դաշնամուրի, ջութակի և կլառնետի վարպետության դասեր:
«Տնջրե» փառատոնի նպատակն է՝ խթանել Արցախում դասական երաժշտարվեստի զարգացումը, արցախցի երիտասարդ երաժիշտներին հաղորդակից դարձնել համաշխարհային կատարողական արվեստի լավագույն ավանդույթներին, նպաստել տարբեր երկրների երաժիշտների հետ մշակութային կապերի հաստատմանը:
«Տնջրե» փառատոնի խորհրդանիշը Արցախի Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղում գտնվող պատմական սոսի /ղրբ. բարբառով՝տնջրե/ 2000-ամյա ծառն է:
«Տնջրե» փառատոնն առաջին անգամ կազմակերպվել է 2010թ-ին, այնուհետև՝ 2011, 2013թթ.: Փառատոնի կազմակերպիչն է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը:
«Տնջրե» 4-րդ միջազգային փառատոնի հովանավորներն են «Բեյզ Մեթըլս», «Վալլեքս», «Ֆլորենս», «Ռեյփսիդ», «Ռոսիա» և «Արարար-Գոհար» ընկերությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին