Վլադիմիր Գասպարյան. «Կենդանի պատը» տեղ-տեղ դեկորացիա է
Մինչև օրինախախտում չլինի, ոստիկանությունը որևէ քայլի չի դիմի: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը՝ խոսելով Բաղրամյան պողոտայի սկզբնամասում օրեր շարունակ բողոքի ակցիա անող քաղաքացիների մասին:
«Ոստիկանությունը փիլիսոփայորեն է մոտենում այս երևույթին: Մարդիկ եկել են սոցիալական խնդիր են բարձրացնում, լուծում են ուզում ստանալ: Այստեղ մենք խնդիր չենք տեսնում, բայց երբ դրա տակ խաժումուտ է մտնում, զինված մարդ է մնում, դուք հասկանում եք, թե ի՞նչ է նշանակում, որ մի արկածախնդիր, մի կրակոց, մի քար ընկնի ոստիկանի գլխին: Այդ ժամանակ աշխատում է մեխանիզմը: Մենք պաշտպանում ենք քաղաքացուն: Երբ քաղաքացին օրենք է խախտում, նա վերածվում է չքաղաքացու», -ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե որքա՞ն ժամանակ ոստիկանությունը խնդրին կմոտենա փիլիսոփայորեն, ոստիկանապետն ասաց. «Կողմնակից եմ նրան, որ բոլոր լուծումները լինեն քաղաքակիրթ ձևով, ոստիկանությանը հերթը չհասնի: Ոստիկանների մեջ սադրիչներ չկան, իսկ եթե քաղաքացիական հագուստով ոստիկանը սխալներ է թույլ տվել, ես կգտնեմ, հոգ չի, դա ինձանից է դուրս գալիս»:
Վ. Գասպարյանը կրկնեց, որ ոստիկանությունը չի պատրաստվում ուժ կիրառել, իսկ եթե լինի խախտում, հասարակական կարգն է պահպանելու:
Խոսելով ցուցարարների և ոստիկանների միջև «կենդանի պատի» մասին, որը կազմում են պատգամավորներ, մտավորականներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, այդպես փորձելով բացառել բախումը ոստիկանների և ցուցարարների միջև կամ առաջին հարվածն իրենց վրա ստանան, Վ. Գասպարյանն ասաց. «Եթե «Կենդանի պատը» զուտ դեկորացիա է, իհարկե, պիտանի չէ, իսկ եթե սրտացավ են այն կազմողները, ուզում են խնդիր լուծել, իրենց փորձը տան երիտասարդներին, որ նրանց մեջ սադրիչներ չմտնեն, չլինեն անցանկալի երևույթներ»:
Պատասխանելով հարցին, թե ինչ է ցույց տվել այս քանի օրը՝ արդյո՞ք դեկորացիայի համար էր «Կենդանի պատը», Վ. Գասպարյանն ասաց. «Տեղ-տեղ»:
Բաղրամյան պողոտայի սկզբնամասում շարունակվում է հունիսի 22-ից սկսված էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ քաղաքացիների բողոքի հավաքը: Քաղաքացիների պահանջն է՝ չեղյալ հայտարարել ՀԾԿՀ-ի կողմից կայացրած հոսանքի սակագնի թանկացման որոշումը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին տեղի ունեցած նիստում մասնակի բավարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը. օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա ոչ թե 17 դրամով, այլ 6,93 դրամով:
Նախորդող հրապարակում՝
Ոստիկանապետ. Այլ մոլորակներից հատուկ տեխնիկա, տիեզերական ուժեր չեն տեխափոխվել Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում