Կիրանց գյուղի մշակելի հողատարածքներն ընդլայնվել են 100 հեկտարով
Տավուշի մարզի Կիրանց գյուղում «Հայաստան» հիմնադրամը` գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ, բացել է վերակառուցված Սրանոց կոչվող ոռոգման ջրագիծը (6կմ): Ծրագիրը հովանավորել է Հիմնադրամի Արgենտինայի տեղական մարմնի բարերար Քիրքոր Շիմշիրողուն, ով արgենտինահայ բարերարների հետ միասին ներկա էր բացման արարողությանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են, որ սահմանաgլխին gտնվող գյուղում բնակվում է 365 մարդ, ովքեր հիմնականում զբաղվում են հացահատիկի և ծխախոտի մշակմամբ: Գյուղապետ Հմայակ Նազարյանի խոսքով` սա Հայաստանի այն սակավաթիվ գյուղերից է, որտեղ բնակչության թիվն անգամ խորհրդային տարիների համեմատ աճում է:
«Վերակառուցված ջրագծի շնորհիվ նախկինում մշակվող 20 հեկտարի փոխարեն այսօր կարող ենք մինչև 120 հեկտար հող մշակել, ինչն այգեգործությունը զարգացնելու և կայուն եկամուտ ստանալու հնարավորություն է գյուղացու համար»,- ասում է գյուղապետը: Բացման արարողությանը գյուղապետը Կիրանցի պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց բարերար Քիրքոր Շիմշիրողուին:
Արգենտինայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ ներկայումս նաև ջերմոցների հիմնման աշխատանքներ են տարվում Կիրանցում: 2014թ-ին Ֆրանսիայի տեղական մարմնի աջակցությամբ էլ համայնքում հիմնվել է ֆերմա, տրամադրվել են ցեղային երինջներ, տնկիներ և սերմնացու:
Տարեսկզբից Հայաստանում և Արցախում Հիմնադրամի ջանքերով արդեն իսկ բնակիչների կողմից շահագործվում են Պատարա, Խանցք, Խաչմաչ, Շոշ (ԼՂՀ Ասկերանի շրջան), Քարի Տակ (ԼՂՀ Շուշիի շրջան) gյուղերի նորակառույց համայնքային կենտրոնները, Սասունիկ համայնքի նորակառույց մանկապարտեզը (ՀՀ Արագածոտնի մարզ) և Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան նորակառույց փակ լողավազանը (Շիրակի մարզ): Առաջիկայում էլ կբացվի Խաչարձան գյուղի հիմնանորոgվող դպրոցը: