Կատարվածը ցավալի իրադարձությունն էր. Ֆրանսիայի դեսպանը՝ հայ զինծառայողի մահվան մասին
«Մեր դիրքորոշումը հստակ ու պարզ է. պետք է ջանքեր գործադրել խուսափելու բռնության ցանկացած դրսևորումից, ցանկացած շեղումից նման գործընթացներում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն՝ մեկնաբանելով հունիսի 26-ին, ժամը 18:30-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքը, որի հետևանքով զոհվել էր ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, շարքային Արման Մայիսի Եփրեմյանը:
«Կատարվածը ցավալի իրադարձությունն էր, մենք ցավում ենք զոհված զինվորի համար, նրա ընտանիքին, մերձավորներին մեր ցավակցություններ ենք հայտնում»,- ասաց դեսպանը:
Նա միաժամանակ նշեց, որ Ֆրանսիան քննադատում և ցավում է բռնության ցանկացած դրսևորման դեմ, բայց ամեն դեպքում, ըստ դեսպանի, սա չի նշանակում, որ տեղի ունեցած այս շեղումները, խախտումները պետք է իրենց տարհամոզեն, որպեսզի հրաժարվեն իրենց որդեգրած քաղաքականությունից:
«Մենք մեր ջանքերը չենք խնայելու գործուն մասնակցություն ունենալ, որպեսզի բանակցային գործընթացը շարունակվի: Եւ կոչ ենք անում կողմերին խորամուխ լինել, հետամուտ լինել, ուշիմ լինել և լծվել այս հակամարտության կարգավորման հնարավոր տարբերակների որոնման աշխատանքներին»,- ասաց Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Թեմային առնչվող հրապարակում՝
ՊՆ. Ադրբեջանի ԶՈՒ նման գործելակերպը հղի է իրադրության կտրուկ ապակայունացման վտանգով