Ցանկանում ենք, որ խնդիրը երկխոսության ճանապարհով հնարավորինս արագ լուծվի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
«Խոսքը վերաբերում է Հայաստանի ներքին կյանքին, և մեր սովորությունների մեջ չի մտնում օտար և ինքնիշխան պետության ներքին քաղաքականության վերաբերյալ մեկնաբանություններ տալ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն՝ անդրադառնալով վերջին օրերին Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ընթացող բողոքի ակցիային:
«Մենք մեզ իրավունք չենք վերապահում մեկնաբանություններ տալ»,-նշեց դեսպանը:
Այդուհանդերձ, նա ասաց, բնականաբար, իրենք հետևում են ընթացող զարգացումներին: Ըստ Ժան-Ֆրանսուա Շարպանտիենի ՝ սա իրադարձություն է, որը գտնվում է ժողովրդավարական գործընթացների ընդհանուր տրամաբանության մեջ. «Նորմալ է, որ մարդիկ ինչ-որ պահանջներ են առաջ քաշում: Բնական է նաև, որ կառավարությունը, իշխանությունը հասարակական կարգն են ուզում պահպանել: Սա էլ է նորմալ»:
Նրա խոսքերով՝ միակ բանը, որ իրենք ցանկանում են այն է, որպեսզի այս խնդիրը երկխոսության ճանապարհով արագ լուծում գտնի. «Լուծում, որը ընդունելի լինի բոլորի համար, և տնտեսական տեսանկյունից կենսունակ լուծում կլինի, քանի որ տնտեսությունը կարևոր գործոն է»:
Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին, մասնավորապես, լրագրողներին ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկելուն, Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նշեց, ինչքանով ինքն է իրազեկված, ձերբակալված բոլոր ցուցարարներն ազատ են արձակվել: