Մաքսիմ Սարգսյանը՝ Բաղրամյանում հավաքվածներին միանալու մասին. «Ոչինչ պետք չէ բացառել»
«Ոչ թալանին» նախաձեռության անդամները հանրային քննարկումներ են անում՝ հետագա անելիքները հստակեցնելու համար, որին մասնացում են նաև իրավաբաններ, տնտեսագետներ:
Լրագրողների հետ զրույցում նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն ասաց, որ քննարկվում է նաև ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու վերաբերյալ հարցը:
«Կարծում եմ ոչ պակաս կարևոր է մասնագետների մասնակցությամբ այդ հարցի քննարկումը»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ նախօրեին կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը ՀԷՑ-ում սպասվող աուդիտի վերաբերյալ ասել էր. «Ամենակարևորը աուդիտ և խորհրդատվություն անցկացնող ընկերության ընտրության հարցն է: Իմ նախնական պատկերացումներով՝ պիտի ընտրենք աշխարհի լավագույն 10 ընկերություններից մեկին, խորհրդակցենք հասարակական ակտիվիստների, խորհրդարանական ընդդիմության հետ, որ նրանք այդ ցանկից հնարավորություն ունենան ընտրել, ենթադրենք, 3-4-5 ընկերություն, որից հետո կանենք մրցույթ, կտեսնենք, թե որ ընկերությունը կառաջարկի լավագույն գինը»:
Նախաձեռնության անդամի խոսքով, հանրային քննարկման ընթացքում նաև կհստակեցնեն՝ արդյոք իրենք կմասնակցեն աուդիտին, թե ոչ:
«Եթե ընդունենք այդ առաջարկը, պետք է մասնակցի անպայման մասնագետ: Անձամբ ես չեմ մասնակցի, քանի որ որևէ բան չեմ հասկանա: Անհրաժեշտ է մասնագետ, փորձագետ»,- ասաց Մ. Սարգսյանը:
Պատասխանելով հարցին, թե նախատեսվում է, որ աուդիտը կտևի 3-6 ամիս, ի՞նչ է անելու այդ ընթացքում նախաձեռնությունը, Մ. Սարգսյանը նշեց, որ կհետևեն ընթացին, ու եթե տեսնեն, որ տանում է ոչ թե իրական լուծում, այլ փակուղի, հաստատվելու է սակագինը, կրկին դուրս կգան փողոց:
Նա նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը «կես քայլ առաջ է համարում. քաղաքացին կոնկրետ իր գրպանից չի մուծելու ավելացված գումարը, բաց վերցվելու է այն գումարից, որը հավաքվում է Հայաստանի քաղաքացու կարիքները հոգալու համար»:
Ինչ վերաբերում է Բաղրամյանում պայքարը շարունակող քաղաքացիներին ու նրանց միանալու հնարավորության մասին, Մ. Սարգսյանն ասաց, որ պետք չէ ոչինչ բացառել:
«Այնտեղ մեր ընկերներն են անկախ իրենց դիրքորոշումից մեր հանդեպ: Մարդիկ նպատակային են գտնում շարունակել իրենց փողոցային պայքարն այնտեղ: Ինչքան շատ պայքարի օջախներ լինեն նույն խնդրի շուրջ, հանրային իրազեկվածությունը մեծ կլինի, շատ մարդիկ կընդգրկվեն»,- ասաց նա:
Հիշեցնենք, հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայի սկզբնամասում շարունակվում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշման դեմ բողոքի հավաքը: Նախօրեին բողոքող քաղաքացիների մի մասը որոշեցին իրենց պայքարը շարունակել Ազատության հրապարակում, մի մասն էլ շարունակում է մնալ Բաղրամյան պողոտայում:
Նախորդող հրապարակումներ՝
Բաղրամյան պողոտա. Ձևավորում ենք բաց հարթակ
««Ոչ թալանին» նախաձեռնությունը մտնում է պայքարի նոր փուլ». Արթուր Քոչարյան
Բաղրամյան պողոտա. «Հարցերին ես եմ պատասխանում»
Վ.Շուշանյան. Ռադիկալ գործողությունների դրդողների էմոցիաների տակ երեկ մեծամասնությունը մնաց Բաղրամյան պողոտայում
Բաղրամյան պողոտա. «Լիդերի հարց լինելու խնդիր չկա»