Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է
Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրն է: Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա հիշատակի և ծաղկեպսակադրության արարողություն: Արցախյան ազատամարտում Հայաստանի Հանրապետությունից անհայտ կորել է 400, իսկ ընդհանուր առմամբ, 1000-ից ավելի հայ ազատամարտիկ։
Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը նշվում է 2000 թվականից. «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է հունիսի 29-ը նշել անհայտ կորած ազատամարտիկի օրը: Օրը պատահական ընտրված չէ. Արցախյան պատերազմի ժամանակ հենց այդ օրը առավել մեծ թվով` 76 ազատամարտիկներ անհայտ կորան:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը, որը նվիրված էր 2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների քննարկմանը:
Նիստի ընթացքում աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը հավաստել է, որ լայն թափով շարունակվում են անհայտ կորած անձանց որոնման աշխատանքները, միջոցներ են ձեռնարկվում նրանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ:
Բարձր գնահատելով Ղարաբաղյան հակամարտության արդյունքում անհայտ կորածների ճակատագրերը, ինչպես նաև նրանց հնարավոր աճյունների գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ ՀՀ ՊՆ հետ համագործակցությունը՝ նիստին ներկա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անդամներ տիկին Դոմինիկ Լիեգմեն և Վալերի Յարմակն իրենց ելույթներում նշել են, որ այն պահանջում է բավականին ժամանակատար և համակարգված գործունեություն: Այս առնչությամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԿԽՄԿ անդամներին առաջարկել է միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության աշխատանքային խմբերի միջև հանդիպում կազմակերպելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան