Օբաման միջուկային խնդրի վերաբերյալ գաղտնի ուղերձ է հղել Իրանի իշխանություններին
«ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման միջուկային խնդրի վերաբերյալ գաղտնի ուղերձ է հղել Իրանի իշխանություններին»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Իրանի Մեջլիսի նախագահության անդամ Մեհրդադ Բազրփաշը, «ՖԱՐՍ»-ին տված հարցազրույցում, տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Իրանի հարևան երկրներից մեկի միջոցով ԻԻՀ իշխանություններին գաղտնի ուղերձ է փոխանցել:
Իրանցի խորհրդարանականը, անդրադառնալով ԱՄՆ նախագահի ուղերձին, մասնավորապես նշել է. «Ներկա պայմաններում Միացյալ Նահանգներին ավելի շատ է հարկավոր, որ միջուկային խնդրի շուրջ համաձայնություն ձեռք բերվի, քան Իրանին: Միացյալ Նահանգներում սպասվող նախագահական ընտրությունների նախաշեմին Օբաման համաձայնության կարիք ունի»:
«Միացյալ Նահանգները նման մասնավոր ուղերձների միջոցով կոչ են անում, որ Իրանը նստի բանակցությունների սեղանի շուրջ, սակայն հանրային դաշտում, երբ նայում են սեփական քաղաքացիների աչքերին, սկսում են քննադատել Իրանին»,-հավելել է իրանցի պատգամավորը:
Նշենք, որ հունիսի 27-ից Վիեննայում մեկնարկել է Իրանի և «5+1 խմբի» անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը:
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, այսօր առավոտյան Վիեննայից Թեհրան մեկնելուց առաջ «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ «5+1 խմբի» ԱԳ նախարարների միջև տեղի ունեցած հանդիպումից հետո բոլորն էլ վերադարձել են իրենց երկրները: Առողջական խնդիրներ ունենալու պատճառով Վիեննայում է մնացել միայն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Ներկա պահին բանակցություններն ընթանում են փորձագետների մակարդակով:
Զարիֆի խոսքով՝ ԱԳ նախարարների մակարդակով բանակցությունները կվերսկսեն հունիսի 30-ին, կրկին Վիեննայում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում