Ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Փարավոն Միրզոյանը՝ արածի ու չարածի մասին
ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը, ով 13 տարի ղեկավարել է Հայաստանի ազգային պատկերասրահը, Panorama.am-ի հետ զրույցում ներկայացրեց, թե այդ տարիների ընթացքում ինչ ձեռքբերումներ է ունեցել պատկերասրահը, սակայն այդպես էլ չի կարողացել հասնել հիմնական խնդրի լուծմանը՝ Ազգային պատկերասրահը պետք է նոր շենք ունենա:
«Ինձ միշտ հարց են տալիս՝ ի՞նչ չեմ արել այս տարիների ընթացքում: Ես մշտապես ասել եմ ու ասում եմ՝ Ազգային պատկերասրահին այլ շենք է անհրաժեշտ, ներկայիս շենքն իր օդափոխության, ջեռուցման համակարգերով, իր տեսքով չի համապատասխանում այն չափանիշներին, որոնք պետք է ունենան նմանատիպ թանգարանները: Այն, ինչ իմ ցանկությունն է, վերջիվերջո պետության, կառավարության մակարդակով պետք է լուծվի: Ազգային պատկերասրահը պետք է առանձին շենք ունենա, կողքերը չլինեն թանգարաններ, չպետք է լինի բարձրահարկ, այլ տարածված, որպեսզի էքսկուրսիաները, դասընթացները ճիշտ կազմակերպվեն: Աշխարհի բոլոր մեծ թանգարանները մեծ խնդիրներ են ունենում»,- ասաց Փ. Միրզոյանը:
Նշենք, որ այսօր Հայաստանի Ազգային պատկերասրահի հավաքածուն կազմում է 40 հազար՝ գեղանկար, գրաֆիկա, դեկորատիվ կիրառական արվեստ, քանդակ: 40 հազարից միայն 2500-ն է ցուցադրվում: Պատճառը՝ շենքային պայմաններն են. «Պատուհանները շատ են, նկարները կախելու համար պատերը՝ քիչ»:
Փարավոն Միրզոյանը կես տարուց ավելի է այլևս չի ղեկավարում Ազգային պատկերասրահը: «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի համաձայն, գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե լրացել է նրա 65 տարին: Փ.Միրզոյանի 65 տարին լրացել էր 2014 թ. դեկտեմբերի 2-ին: Պատկերասրահի տնօրեն է նշանակվել Արման Ծատուրյանը:
Փ. Միրզոյանի խոսքով, պատկերասրահը բարդ կառույց է, մի մարդ չի կարող լուծել բոլոր խնդիրները. «Եթե մեկը մտածում է, որ մի մարդու գործ է, սխալվում է: Պատկերասրահում աշխատանքները պետք է շարունակական լինել: Այն աշխատանքը, որ իմ ժամանակաշրջանում է եղել, հետագայում պետք է շարունակվի: Մի կառույց է, որի գործունեությունը մեկ անձով չի որոշվում, թեկուզ անձը մեծ նշանակություն ունի բոլոր բնագավառներում»:
Նա ներկայացրեց, թե իր՝ տնօրեն լինելու ժամանակաշրջանում, պատկերասրահում ինչպիսի բաժիններ, ցուցահանդեսներ են բացվել, ինչպես նաև Ազգային պատկերասրահի հավաքածուն ներկայացվել է տարբեր երկրներում՝ Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Գերմանիա և այլն:
«Չկա երկիր, որտեղ չենք ներկայացրել մեր պատկերասրահի հավաքածուն, ինչպես նաև մեր պատկերասրահում ենք կազմակերպել հանրահռչակ ստեղծագործողների աշխատանքների ցուցահանդեսներ: Կյանքը շարունակվում է, հասկացանք, որ պետք է նաև երիտասարդ արվեստագետների աշխատանքներ էլ ներկայացնել: Այս տարիների ընթացքում կարողացել ենք բարձրացնել նաև գիտական ցենզը. բոլոր ցուցահանդեսներն ունեցել են իրենց կատալոգները: Տպագրել ենք նաև ալբոմներ»,-նշեց Փարավոն Միրզոյանը:
Արվեստագետն ասաց, որ տնօրեն լինելու տարիներին, ինչպես նաև այսօր շարունակում է բուռն ստեղծագործական կյանքը. «Միշտ ստեղծագործել եմ: Տնօրեն լինելը ինձ չի խանգարել: Եթե նկարչի մեջ ասելիք կա, չի կարող թաքցնել»: