Գալուստ Սահակյանը ցավակցել է Գագիկ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ
ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Գագիկ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ: ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած ուղերձում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա «Շախմատ-64» հաղորդաշարի հեղինակ և վարող, «Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիր և գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանի մահվան մասին:
Գագիկ Հովհաննիսյանի շախմատային հանրամատչելի հաղորդումները, վերլուծություններն ու մեկնաբանություններն իսկական դասընթացներ էին շախմատասերների,ինչպես նաև ապագա լրագրողների համար, որոնց նա երկար տարիներ դասավանդում էր Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում:
Նա հայկական շախմատի նորագույն պատմության անբաժանելի վկան ու տարեգիրն էր, շախմատի Հայաստանի հավաքականների հաղթանակների մշտական ուղեկիցը, ով կարողանում էր իր հագեցած ռեպորտաժներով այդ հաղթանակների ողջ բերկրանքը լիարժեք փոխանցել մարզասերներին:
Կորստի այս ծանր պահին անկեղծորեն ցավակցում ու մխիթարության խոսքերս եմ ուղղում Գագիկ Հովհաննիսյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին ու ընկերներին և կիսում նրանց վիշտը»:
Նախորդող լուր՝
Նորվեգիայում շախմատային գերմրցաշարի ժամանակ մահացել է Գագիկ Հովհաննիսյանը