Առաջարկվել է Հորդանանում հայկական բուհերի մասնակցությամբ ցուցահանդես կազմակերպել
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Լաբիբ Խադրային:
Ողջունելով Լաբիբ Խադրային` Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ նախարարի այցը նոր շունչ կհաղորդի կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությանը: Նշելով, որ ՀՀ կրթական համակարգը եվրոպական կրթական տարածքի մաս է` Արմեն Աշոտյանը հյուրին է ներկայացրել Բոլոնիայի գործընթացի շրջանակներում իրականացված աշխատանքները, մայիսին Երևանում կայացած նախարարական գագաթաժողովն ու դրա որոշումները: Այս մասին հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:
Հորդանանի նախարարը շնորհակալություն է հայտնել հրավերի համար` ընդգծելով, որ առաջին անգամ է մեր երկրում. «Ես շատ տպավորված եմ. հիանալի և ջերմ երկիր է Հայաստանը: Համոզված եմ, որ մեր ուսանողները շատ լավ միջավայրում կրթություն ստանալու հնարավորություն կստանան»
Նրան, մասնավորապես, հետաքրքրել է ՀՀ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտը գրավիչ դարձնելու, Էրազմուս+ ծրագրին հայկական բուհերի մասնակցության, պետական և ոչ պետական բուհերի գործունեության, հավատարմագրման գործընթացին վերաբերող մի շաքր հարցեր:
Հանդիպման ավարտին Արմեն Աշոտյանն առաջարկել է Հորդանանում կազմակերպել հայկական այն բուհերի մասնակցությամբ ցուցահանդես, որոնք կարող են գրավիչ լինել` ընդգծելով, որ սիրով կընդունեն նմանատիպ ցուցահանդես նաև Հայաստանում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա