Արտերկրից ժամանած 500 մասնագետ կմասնակցի Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարին
Հուլիսի 2-ից 4-ը Երևանում կանցկացվի Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարը։
ԱՆ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպմանը Արա Բաբլոյանը նշել է, որ 1980 թվականից Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեն` AMIC-ը, չորս տարին մեկ անգամ հայ բժիշկների համագումարներ է կազմակերպում աշխարի տարբեր երկրներում։ 2003թ.-ից ի վեր միջազգային բժշկական համագումարները յուրաքանչյուր 2 տարին մեկ հաջորդաբար տեղի են ունենում Հայաստանում և սփյուռքում։ Դրանց նպատակն է շարունակաբար զարգացնել աշխարհասփյուռ հայ բժիշկների համագործակցությունը, ինչպես նաև նպաստել Հայաստանի ու Արցախի առողջապահական համակարգերի առանձին ոլորտների ու բուժհիմնարկների զարգացմանը, բժիշկների վերապատրաստմանը։
ՀՀ առողջապահության նախարարության և Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) կողմից կազմակերպված Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարը կընթանա Հայաստանի Հանրապետության նախագահի տիկնոջ բարձր հովանու ներքո։
4-րդ համագումարին կմասնակցեն ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Արգենտինայից, Լիբանանից և այլ երկրներից ժամանած 500 մասնագետ։
«Առաջին անգամ մեր համագումարին իրենց մասնակցությունն են բերել Կատարի, Ավստրալիայի, Թուրքիայի մեր հայրենակից բժիշկները»,-ասել է Արա Բաբլոյանը։
Նա շեշտել է, որ սաթելիտային 17սիմպոզիումները հնարավորություն կտան մարզային բժիշկներին փոխանցել ոլորտի նորագույն մոտեցումները՝ նպաստելով միջազգային համագործակցության ընդլայնմանը: 1500-2000 բուժաշխատողներն այդ սիմպոզիումներին կմասնակցեն անվճար:
Համագումարում կքքնարկվեն ընդհանուր բժշկության, վիրաբուժությանը, ատամնաբուժությանը, բուժքույրական, առողջապահական, կրթական, էթիկայի, այլընտրանքային բժշկության ոլորտներին առնչվող հարցեր։ Կանդրադառնան ուռուցքաբանության և վերարտադրողական առողջության ոլորտի նորագույն ձեռքբերումներին, տեխնոլոգիական առաջընթացներին, որոնք արմատապես բարեփոխում են առողջապահական ոլորտը: Ուշադրության կենտրոնում կլինեն հանրային առողջապահական հիմնախնդիրները։
Համագումարի մեկ օրը կնվիրվի Հայաստան-Սփյուռք ծրագրերի և ապագա համագործակցության ռազմավարությանը:
«Առողջապահության նախարարությունը մեծ ակնկալիքներ ունի համագումարից։ Արտերկրներից ժամանած բժիշկների զգալի մասը ճանաչում ունեցող, աշխարհահռչակ մասնագետներ են, և մենք պետք է հնարավորինս շատ բան քաղենք նրանց այցից»,-ասել է առողջապահության նախարարի տեղակալը։
Բանախոսները հավելել են, որ նրանք նաև գործնականում կներկայացնեն իրենց փորձն ու հմտությունները, խորհրդատվություններ կտրամադրեն հիվանդներին։
Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հուլիսի 1-ին, ժամը 19:00-ին Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Դրան կհաջորդի «Հայաստանի բուժաշխատողի օրվան» նվիրված միջոցառումը` համերգային ծրագրով։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում