Կնոջը գնդակահարել է ամուսինը, հիվանդասենյակում. Բժիշկ (տեսանյութ)
Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում (Հանրապետական հիվանդանոցի ծննդատանը) հրազենային կրակոցներից տուժած կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է, գտնվում է վիրասրահում, նրա հետ կատարվում են վիրաբուժական առաջնային վերամշակումներ: Այդ մասին քիչ առաջ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում հայտարարեց կենտրոնի վիրաբուժության գծով բժշկական տնօրեն Արսեն Գրիգորյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ծննդատան հիվանդասենյակներից մեկում նախնական տվյալներով, ամուսինը հրազենով կրակել էր կնոջ ուղղությամբ, այնուհետև ինքնասպան եղել:
Կենտրոնի տնօրենի փոխանցմամբ, տուժած կինը` Արարատի մարզից է: Երեխան ծնվել է կեսարյան հատմամբ:
«Դեպքը տեղի է ունեցել անհատական հիվանդասենյակում, ամուսնու կողմից գնդակահարվել է հրազենային զենքով և վիրավոր վիճակում կնոջն անմիջապես տեղափոխել են մեր վերակենդանացման բաժանմունք, կատարվել են լաբորատոր-գործիքային անհրաժեշտ միջոցառումներ: Հայտնաբերվել են բազմաթիվ գնդակային, բերկորային վիրավորումներ: Նախնական տվյալներով, երեք գնդակային վիրավորման հետ գործ ունենք` պարանոցի, ուսի և ծոծրակային շրջաններում», -տեղեկացրեց Արսեն Գրիգորյանը` ընդգծելով, որ երեխան այդ պահին հիվանդասենյակում չի եղել:
Նրա ներկայացմամբ, հրազենի փամփուշտներից մեկը դուրս է եկել մարմնից, իսկ մյուս երկուսը դեռ մարմնի մեջ են:
«Նեյրովիրաբույժներն աշխատում են և առաջին բուժօգնությունը ցուցաբերում են», -փոխանցեց բժիշկը:
Քննչական կոմիտեից Panorama.am-ին տեղեկացրին, որ հարուցվել է քրեական գործ` սպանության հատկանիշներով:
Առայժմ դեպքի հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում, դեպքի վայրում կատարվում են քննչական գործողություններ: