Եվրոպական խաղերը Բաքվում. մարդու իրավունքների հիմնահարցը շտկելու հերթական բաց թողնված հնարավորություն
Ուսումնասիրեք «ազատ արտահայտում» հասկացության բովանդակությունը: Այն բացակայում է առաջին Եվրոպական Օլիմպիական խաղերի մայրաքաղաք Բաքվում:
Այս մասին գրում է իտալական «Corriere Della Sera» պարբերականը` անդրադառնալով Ադրբեջանում մարդու իրավունքների հիմնախնդրին: Ստորև ներկայացնում ենք հոդվածի հայերեն թարգմանությունը`ամբողջությամբ.
«Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի փակման արարողության նախօրեին «Amnesty International»-ը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Միայն այդ կերպ սպորտային միջոցառումը կհիշվի դրական կերպով:
Դրա փոխարեն առնվազն 20 բանտարկյալներ, որոնց թվում` լրագրողներ, իրավաբաններ, երիտասարդական շարժումների ակտիվիստներ, և այլք, որոնց գործերը ներառված են «Amnesty International»-ի զեկույցում, ձերբակալվել են Եվրոպական խաղերի սկսվելուց 12 ամիս առաջ`այս ամբողջ ընթացքում գտնվելով ճաղերի ետևում: Ընդ որում, Եվրոպական խաղերի «անխափան» բնույթն ապահովելու համար ձերբակալությունները շարունակվում էին խաղերի բացումից ի վեր: Բաքու մուտք գործելը արգելվել է անգամ «Amnesty International»-ի, «The Guardian»-ի, «Radio France»-ի և այլ կառույցների համար:
Թեև միջազգային մամուլը լայն անդրադարձ է կատարել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին, Միջազգային օլիմպիական կոմիտեն, Եվրոպական օլիմպիական կոմիտեն և ազգային օլիմպիական կոմիտեները (բացառությամբ գերմանական և շվեդական կոմիտեների) լռում են Ադրբեջանում տեղի ունեցող սահմանափակումների մասին:
Բարեբախտաբար, խաղերի ընթացքում եվրոպական 2 միջկառավարական մարմինները դատապարտել են մարդու իրավունքների վիճակը Ադրբեջանում:
Հունիսի 23-ին Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձև ընդունեց, որով կոչ արեց ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ազատազրկված ակտիվիստներին և քաղաքացիական հասարակության լիդերներին:
Հունիսի 24-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհուրդը, 22 եվրոպական պետությունների, Ավստրալիայի, Կանադայի և ԱՄՆ-ի աջակցությամբ, հայտարարություն ընդունեց, որով մտահոգություն հայտնեց Ադրբեջանում քաղաքացիական հասարակության համար ազատ տարածության բացակայության և ազատ կամարտահայտվելու խոչընդոտների առթիվ` կոչ անելով Բաքվի ղեկավարությանը դադարեցնել ճնշումները խոսքի ազատության նկատմամբ»: