Երվանդ Զախարյանը տեղյակ չէ, թե ինչ միջոցներով է փոխհատուցվելու էլեկտրաէներգիայի սակագինը
«Ես կոնկրետ աղբյուրի մասին չեմ կարող ասել, քանի որ տեղյակ չեմ, եթե վարչապետը հայտարարել է, նա գիտի` ինչ է հայտարարում»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե էլեկտրաէներգիայի սակագինը ինչ աղբյուրներից է փոխհատուցվելու:
Դիտարկմանը, թե վարչապետի հետ չե՞ք քննարկել վճարման աղբյուրը, նախարարն ասաց, որ դեռ ոչ, բայց կքննարկեն:
Հարցին, թե ինքն իր, ինչպես նաև նախորդ նախարարի մեղավորությունը չի տեսնում ստեղծված իրավիճակում, Ե. Զախարյանը ասաց, որ մեղավորությունների հարցը կարելի է քննարկել միայն աուդիտից հետո:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե աղբյուրը, արդյոք հնարավոր չէ՞ր ավելի վաղ այդ քայլին գնային և էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրացվեր, Ե.Զախարյանը նկատեց. «Եթե հնարավոր լիներ, անպայման կարվեր»:
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի ազգայնացմանը, Զախարյանն ընդգծեց, որ այդ բոլոր քննարկումները տեղի կունենան աուդիտից հետո:
Նախարարը նաև ասաց, որ չեն կարող ասել, թե որքան կտևի ՀԷՑ-ում աուդիտը:
Դիտարկմանը, թե աուդիտը ՀԷՑ-ում տիրող չարաշահումը ուսումնասիրելո՞ւ է, Զախարյանը խնդրեց նման ձևակերպումներից հեռու մնալ և սպասել աուդիտի ավարտին:
Հարցին, թե շատերը մատնացույց են անում նախարարի կուտակած անձնական միջոցները՝ ասելով, թե այդ միջոցներով կարող էր փոխհատուցել, Ե. Զախարյանն ասաց, որ ինքը լուրջ չի վերաբերվում այդ խոսակցություններին. «Խնդրում եմ՝ Դուք էլ լուրջ մի վերաբերվեք»:
Նախարարն անդրադառնալով էներգետիկայի համարգում տիրող վիճակին՝ ասաց, որ իրականում համակարգում կան խնդիրներ, մի շարք հարցերի վերաբերյալ համապատասխան միջոցառումներ արդեն նախապատրաստել են: Մասնավորապես, ըստ նրա, մինչև 2036 թ-ի համար պատրաստ է էներգետիկ համակարգի զարգացման հիմնադրույթները: «Դա քննարկվել է վարչապետի մոտ, Հանրային խորհուրդում, նախատեսվում է քննարկել նաև Ազգային ժողովում, որից հետո կառավարությունը կհաստատի և դա մեզ համար կլինի աշխատանքային ծրագիր: Նպատակը մեկն է՝ ապահովել կայուն, կանխատեսելի էներգետիկ համակարգ ազգաբնակչության համար»,- ասաց Ե.Զախարյանը: