ԻԼԻՊ-ն առաջին անգամ կանանց է գլխատել
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր գործունեության ընթացքում առաջին անգամ գլխատել է երկու կանանց: Միջադեպը տեղի է ունեցել Սիրիայի Դեր Զոր նահանգում: Այս մասին հայտնում է The Daily Star-ը` հղում կատարելով France Presse գործակալությանը:
Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի փոխանցմամբ, կանայք գլխատվել են «կախարդության» մեղադրանքով:
«ԻԼԻՊ-ը գլխատել է երկու կնոջ: Սա առաջին դեպքն է, որ խմբավորումը կանանց է սպանում այս ձևով»,-ասել է կենտրոնի տնօրեն Ռամի Աբդել Ռահմանը` ավելացնելով, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 28-ին և 29-ին: Երկու դեպքում էլ կանանց գլխատել են իրենց ամուսինները:
Ըստ կենտրոնի տվյալների` ԻԼԻՊ-ը մեկ տարվա ընթացքում մահապատժի է ենթարկել 3000 մարդու, որից 1800-ը խաղաղ բնակիչ էր, այդ թվում 74 երեխա: