Նոր քարեր՝ Սանահինի Սբ. Աստվածածին եկեղեցում (լուսանկար)
«Սանահինի վանքային համալիրի կազմի մեջ մտնում է երեք եկեղեցի` Սբ Ամենափրկիչ, Սբ Աստվածածին և Սբ Գևորգ: 2012-2014 թթ. ընթացքում վերականգնվել են Սբ Աստվածածին եկեղեցու թմբուկն ու ծածկերը, նախագավթի, գավթի և Մագիստրոսի Ճեմարանի տանիքածածկերը: Այս պահին ընթանում են Սբ Ամենափրկիչ եկեղեցու վեղարի նորոգման, ամրակայման և հին ու քայքայված ծածկասալերը նորերով փոխարինման աշխատանքները»,-ասում են մշակույթի նախարարությունից պատասխանելով Panorama.am-ի այն հարցին, թե Սանահինի վանական համալիրի եկեղեցիների ամրակայման և վերականգնման աշխատանքները ո՞ր փուլում են:
Մեր տված հարցերից էր նաև՝ «վերականգման նախագծով արդյո՞ք որևէ փոփոխություն նախատեսված է, մասնավորապես եկեղեցու հին քարերը հանել և դրանք սրբատաշ քարերով փոխարինել: Վերջերս եկեղեցի այցելած մարդիկ ահազանգում են, որ եկեղեցու հին քարերը փոխվում են նորերով», որին պատասխանել են. «Ոչ: Հուշարձանի ամրակայման և նորոգման նախագիծը մինչ կյանքի կոչվելը 2012 թվականին ներկայացվել է ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի քննարկմանը և արժանացել հավանության, որը համարվում է վերականգնողական աշխատանքների իրականացման համար փաստաթուղթ և փոփոխման ենթակա չէ: Ինչ վերաբերում է հին քարերը հանելուն և դրանք սրբատաշ քարերով փոխարինելուն, ապա նշենք, որ հին քարերը նույնպես սրբատաշ են, իսկ հանվում են ոչ թե «հին», այլ քայքայված և հողմնահարված քարերը, ինչն էլ նախատեսված է նախագծով, և որոնց պահպանումը պատերի միջուկի համար մեծ վտանգ են ներկայացնում մթնոլորտային ջրերի ներթափանցման առումով: Այստեղ, հավանաբար, խոսքը գնում է աղմուկ բարձրացրած նախագավթի ներքին միակոր, արձանագիր «քարերը նորերով փոխարինելու մասին…»: Քարերը այս պահին իրոք տաշվում և տեղադրվում են, սակայն ոչ թե նախկին արձանագիր քարերի փոխարեն, այլ բացակայող քարերի տեղերում, որոնց վրա փորագրված միջնադարյան արձանագրությունների տեքստն ինքնըստինքյան ընդհատված էր»:
Նախարարությունից ներկայացրել են նաև արխիվային լուսանկարը՝ նշումներով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան