Ես չգիտեմ հանրային վստահության հասնելու առավել լավ մեթոդ, քան երկխոսությունն է. վարչապետ
Վերջին շրջանում կառավարության գործունեության և, ընդհանրապես, երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության հանդեպ նկատվում է երկու միտում: Այսօր երևանում մեկնարկած «Տնտեսական օրակարգ 2015» համաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Առաջինն, ըստ վարչապետի, հոռետեսություն, հուսահատություն, բացասական տրամադրությունների ստեղծումն և տարածումն է, երկրորդ՝ բոլոր խնդիրներն արտաքին տնտեսական կոնյուկտուրայի, նավթի գների և այլ, մեզանից չկախված հանգամանքների վրա բարդելու միտումը:
«Ինձ համար երկու մոտեցումներն էլ հավասարաչափ անընդունելի են: Անդադար նվնվոցով և հոռետեսությամբ աշխարհում դեռ ոչ մի տնտեսություն չի վերականգնվել, և Հայաստանը բացառություն չի կարող լինել: Այն մարդկանց հետ, որոնք աշխատասենյակներում, մամուլի էջերում և սրճարաններում առավոտից երեկո զբաղված են դրանով, ես և կառավարությունն իսկապես չենք կարող ճանապարհ անցնել և չունենք աշխատանքի ընդհանուր դաշտ»,- ասաց վարչապետը:
Մյուս կողմից, ըստ Հ.Աբրահամյանի, իր համար անընդունելի է նաև բոլոր խնդիրներն ու պրոբլեմներն ուրիշների վրա բարդելու, կառավարության չարածը, բացթողումները միջազգային միտումներով արդարացնելու գործելաոճը: Նրա խոսքերով՝ տարածաշրջանային զարգացումները, նավթի և հումքային ապրանքների միջազգային շուկայի անկայունությունը և բազմաթիվ այլ գործոններ օբյեկտիվ հանգամանքներ են, բայց ոչ երբեք արդարացման միջոցներ:
«Ես ուզում եմ բոլոր շահագրգիռ ու մտահոգ անձանց, ուժերին, մասնագիտական խմբերին հղել իմ ուղերձը՝ իմ դռները բաց են բոլոր ողջամիտ առաջարկների ու ծրագրերի համար: Ցանկացած առաջարկ, որը կօգնի մեր ընդհանուր գործին, կգնահատվի ըստ արժանվույն: Հայաստանը կարիք ունի բոլոր շահագրգիռ ու առողջ ուժերի համատեղ ջանքերի ու աշխատանքի: Ես ամենայն լրջությամբ և հարգանքով եմ վերաբերվում ցանկացած, անգամ շատ սուր քննադատության, որը կլինի հիմնավորված ու փաստարկված: Ես պատրաստ եմ անձամբ հանդիպել նման քննադատության հեղինակներին, միասին կետ առ կետ քննարկելու ասվածը, և ինչու չէ՝ դրանց հիման վրա մեր ծրագրերում ուղղումներ և շտկումներ մտցնել»,- հայտնեց վարչապետը:
Անդրադառնալով վերջին զարգացումներին, Հ.Աբրահամյանն ասաց, որ խիստ կարևոր է պետության քաղաքականության, պետական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահությունը:
«Եվ ես չգիտեմ հանրային վստահության հասնելու առավել լավ մեթոդ, քան երկխոսությունն է: Առճակատումներով և առավելագույն պահանջներով, որքանով էլ ցանկալի լինի նպատակը, վստահության պաշար ձեռք չես բերի: Այստեղ հավաքված են մասնագետներ, որոնք քաջատեղյակ են երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակից, համապատասխան ոլորտներում կայացած են իրենց փորձառությամբ և գիտելիքների պաշարով, գիտական և հասարակական հանրության շրջանում տիրապետում են վստահության լուրջ պաշարի»,- նշեց Հ.Աբրահամյանը:
Ըստ նրա՝ ինքը կողմնակից է մտածված ու հետևողական աշխատանքի, իրավիճակը շտկելու, տնտեսությունը զարգացնելու, առաջ գնալու ուրիշ ելք ուղղակի չի պատկերացնում. «Նրանց, ովքեր կիսում են այս մոտեցումը և ունեն թեկուզ մեկ նախագծի վրա, մեկ ծրագրի սահմաններում, աշխատելու ցանկություն, անկախ քաղաքական հայացքներից, ես համարում եմ իմ համախոհները»:
Անդրադառնալով համաժողովին, վարչապետն ասաց, որ այսօր մտքերի ակտիվ փոխանակության հնարավորություն կունենան տնտեսության հիմնական ոլորտների և ճյուղերի, տնտեսական աճի հիմնական շարժիչների մասով:
«Հաճախ տնտեսական աճի ապահովման խնդրի լուծումը դուրս է գալիս ներքին կարողությունների տիրույթից կամ դրա տեմպերը չեն բավարարում զարգացման հավակնությունները լիարժեք իրացնելու համար, ինչը պարտադիր է դարձնում խնդրին նայել մի քանի տեսանկյուններից»,- նշեց Հ.Աբրահամյանը՝ հավելելով, որ այդ նպատակով էլ մակրոտնտեսական տեսակետի հետ մեկտեղ այսօրվա համաժողովի օրակարգային թեմաներից է Հայաստանի կայուն տնտեսական զարգացման ռազմավարություն. ինովացիոն առաջընթացի ուղին փաստաթղթի նախագծի ներկայացումը:
«Համոզված եմ՝ տնտեսության արդիականացման հրամայականն ունի ժողովրդի բոլոր կարող ուժերին իր շուրջը միավորելու ներուժ: Մեր խնդիրն է փոխադարձ վստահության ձևավորման ճանապարհով այդ ներուժը դարձնել անպարտելի ուժ` բարեկեցիկ և կայուն զարգացող երկիր կառուցելու անխախտ պատրաստակամությամբ: Այժմ մենք հենց այդ ուղին ենք բռնել այս պահին հասարակությանն ամենաշատ հուզող էլեկտրաէներգիայի ոլորտում: Այստեղ խնդիրները շատ են, իսկ լուծումները՝ ոչ պարզունակ: Վերջին տարիների ընթացքում այս ոլորտն աստիճանաբար նահանջել է, և այսօր արդեն էլեկտրաէներգետիկական ոլորտի խոշոր պետական ընկերությունները, ինչպես նաև մասնավոր սեփականություն հանդիսացող ՀԷՑ-ը կուտակել են մեծ չափով պարտքեր, և նման վիճակի շարունակությունը կարող էր բերել համակարգի համար անդառնալի հետևանքների: Կարծում եմ՝ գիտեք արդեն, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 2015 թ. օգոստոսի 1-ից սահմանվել են սպառողների վաճառվող էլեկտրաէներգիայի նոր սակագներ, որը, բնականաբար, չէր կարող բողոքի ալիք չբարձրացնել մեր հասարակության մի հատվածի մոտ: Սա մեր կարևորագույն խնդիրներից է, և մենք ամեն ինչ պետք է անենք այս ոլորտը ֆինանսապես առողջացնելու և դրա համար հանրության աջակցությունն ունենալու համար: Մենք աննախադեպ քայլեր ենք իրականացնում բաց տեղեկատվության և լավագույն միջազգային փորձագետների ընդգրկմամբ հասարակությունում առկա անվստահության անջրպետը վերացնելու ուղղությամբ: Սակայն մենք հակված չենք հանրության ընդգրկումը միայն կարճաժամկետ հատվածում նայել: Մենք մեր գործընկերների՝ Համաշխարհային բանկի և ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության հետ պատրաստել ենք 2016-2036 թթ. էներգետիկ համակարգի ռազմավարական զարգացման ծրագիրը, որը շուտով կդնենք լայն մասնագիտական և հանրային քննարկման: Վստահ եմ, որ հանրության լայն ընդգրկումն այս քննարկումներին հնարավորություն կտա բարձրացնել վստահությունը դեպի կայուն և վստահելի էներգետիկ համակարգ ունենալու մեր քաղաքականությանը»,- հայտարարեց Հ.Աբրահամյանը:
Նախորդող հրապարակում`
Հովիկ Աբրահամյան. Ինձ համար երկու մոտեցումներն էլ անընդունելի են