Իսկանդարյան. Չեն լինում հասարակական շարժումներ, առանց լիդերի ու հիերարխիայի
«Գաղափարների, տեքստերի, կարգախոսների, օրակարգի, մեթոդիկայի, տեխնոլոգիայի պակաս, հերարխիայի և լիդերության բացակայություն: Չեն լինում հասարակական շարժումներ, որոնք առանց լիդերի ու հիերարխիայի կարողանան ինչ-որ կերպ ազդել քաղաքականության վրա»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ խոսելով հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայի սկզբնամասում ընթացող հավաքի մասին:
Ըստ նրա, լիդերն ու հիերարխիան կարող է գործընթացի ժամանակ ի հայտ գալ, բայց դրան դեմ էին հենց ցուցարարները: Ա. Իսկանդարյանի խոսքով, միայն էնտուզիազմն ու զայրույթը բավական չէ հաջողության հասնելու համար. «Մարդիկ գնում էին այնտեղ ու նոր էին հասկանում, թե ինչու են այնտեղ»:
Քաղաքագետի դիտարկմամբ, բողոքող քաղաքացիների մեջ որևէ պառակտում չի եղել, քանի որ ի սկզբանե նրանք միասնական չեն եղել: Իսկ թե ինչո՞ւ նրանք ընտրեցին հենց փողոցային պայքարի ճանապարհը: Իր իսկ հարցին պատասխանելով՝ Ա. Իսկանդարյանը նշեց. «Եթե փակվում են բողոքի այլ ճանապարհները, օրինակ՝ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները թույլ են, դադարում են գործել, իշխող ուժը գրավել է ողջ քաղաքական դաշտը, մարդիկ ընտրում են փողոցային պայքարի ճանապարհը: Մեզ մոտ սա արդեն ավանդույթ է դարձել»:
Քաղաքագետի դիտարկմամբ, սոցիալական կարգախոսների հետևից մարդիկ շատ են գնում, քանի որ սոցիալական բեռի ավելացումը խփում է յուրաքանչյուրի գրպանին, այսինքն նման դեպքերում հեշտ է հավաքել մարդկանց:
«Իհարկե, սխալ է անվանել այն, ինչ կատարվում է Բաղրամյան պողոտայում, մայդան, քանի որ այն լիովին այլ բան է: Բաղրամյանում կանգնած են մարդիկ, ովքեր սովոր են իրենց դժգոհությունն այտահայտել այդկերպ: Հավաքված երիտասարդները չէին ուզում գնալ կոմպրոմիսի, երկխոսության, նրանք վերջնագիր էին դրել ու արագ լուծում էին պահանջում»,-ասաց նա:
Ա. Իսկանդարյանը նաև հավելեց, որ իշխանություններն էլ սխալ գործեցին, ավելի ճիշտ՝ ռեֆլեքսորեն, փորձելով հարցը լուծել տեխնիկապես՝ ցրելով. «Հարցն այդպես չի լուծվում, մեկին ցրեն, մյուսը կգա: Այդպես չի կարելի աշխատել: Իշխանությունը հետո հասկացավ, սկսեց ցուցարարների հետ շփումները, ինչն էլ բերեց նրան, ինչին բերեց: Ես չգիտեմ, թե հետո ինչ կլինի, բայց տեսնում ենք, որ թուլանում են»:
Քաղաքագետը չի կարողանում հսկատորեն ասել, թե ինչ է սպասվում առաջիկայում, հնարավոր է համարում այլ վայր տեղափոխվելը և վրանային պայքար, նաև հիասթափություն ու պայքարի մարում. «Տեսականորեն հնարավոր է, որ մարդկանց թիվն ավելանա, բայց դժվար, քանի որ բողոքը դուրս չեկավ սոցիալական մեկ շրջանակից»: