Սնկից թունավորում Լոռիում
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում նախօրեին արձանագրվել է սնկից թունավորման 2 դեպք` 5 տուժածով: Թունավորումներն արձանագրվել են Վանաձորի Աճարյան 5/1 և Սասունցիների 2-րդ փողոց, 3-րդ տուն հասցեներում` թունավորվածների կողմից հավաքված սունկը սննդում օգտագործելու հետևանքով: Տուժածները հոսպիտալացվել են «Վանաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ, այնուհետև նրանցից մեկը տեղափոխվել է Երևան` «Արմենիա» բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում են ԱՆ մամուլի ծառայություից:
Ներկայումս տուժածներից 3-ը դուրս է գրվել, 2-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Սնկից թունավորման ախտանշանները կարող են ի հայտ գալ այն օգտագործելուց հետո 1.5-2 ժամ անց: Թունավորման նախնական ախտանշաններն են՝ սրտխառնոց, փսխում, սուր ցավեր որովայնի շրջանում, ջերմություն, ստամոքսի և բարակ աղու բորբոքում, գլխապտույտ: Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:
Թունավորումից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է.
• Չհավաքել կամ չգնել և սննդում չօգտագործել անծանոթ, անհայտ ծագման սունկ
• Չհավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների ու երկաթգծերի մոտակայքում, քանի որ սնկում կուտակվում են թունավոր նյութեր և այն դառնում է օգտագործման համար ոչ պիտանի
• Սննդում չօգտագործել հում սունկ
• Սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում
• Չգնել խառը, չտեսակավորված սունկ: Չի թույլատրվում խառը սնկի վաճառքը, այն պետք է տեսակավորված լինի։
• Հղի կանանց, կերակրող մայրերին և երեխաներին խորհուրդ չի տրվում սննդում սունկ օգտագործել
• Ցանկալի չէ սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում