Սփյուռքահայ ուսուցիչները կվերապատրաստվեն հայրենիքում
Այսօր Երևանի Ա. Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցում մեկնարկեց Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների 2015 թ. վերապատրաստման մեկամսյա ծրագիրը, որին մասնակցում են 63 ուսուցիչներ՝ 15 երկրներից:
Հալեպից ժամանակ ուսուցչուհի Սիլվա Գասպարյանը, ով մեկ տարի է Հայաստանում է, Panorama.am-ի հետ զրույցում ընդգծեց դասընթացների կարևորությունը և նշեց, որ մինչև այս երկու անգամ արդեն մասնակցել է. «Տարբեր երկրներից ուսուցիչներ են գալիս վերապատրաստվելու, նրանց հետ շփվելով ծանոթանում ենք նաև նրանց մեթոդներին, ընդլայնում գիտելիքները»:
Սիլվա Գասպարյանը պատմեց, որ Հալեպի դպրոցները փորձում են ամեն կերպ պահպանել իրենց բնականոն աշխատանքը, սակայն վտանգավոր օրեր լինում են և ռմբակոծությունների պատճառով դպրոցները օրերով չեն կարողանում աշխատել:
Վերապատրաստման ծրագրին առաջին անգամ մասնակցող Հալեպից ժամանած ուսուցչուհիներից Ալին Չուլջյան-Մարգարյանն էլ պատմեց, որ 18 տարի է դասավանդում է Հալեպի Մխիթարյան դպրոցում. «Ուրախ եմ, որ բախտ ունեցա մասնակցելու և գիտելիքներս ավելի նորացրած կարող եմ վերադառնալ»:
Սանկտ Պետերբուգի մանկապարտեզներից մեկում արդեն հինգ տարի որպես հոգեբան-մանկավարժ աշխատող Անահիտ Ղևոնդյանն էլ ասաց, որ ծրագրին առաջին անգամ է մասնակցում: Սպասելիքներն էլ մեծ են: Մեթոդաբանության առումով այն շատ կօգնի իրենց:
Վերպատրաստման ծրագրի բացմանը ներկա ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ուսուցիչներին և նշեց, նրանք հայկական կրթություն ապահովող այն առաքյալներից են, որոնք ճակատագրի բերումով ստիպված են այդ գործն անել հայրենիքից դուրս:
«Սա ավանդական վերապատրաստման դասընթաց չէ, մեզ համար շատ կարևոր է մշտական ու հետադարձ կապ պահել մեր սփյուռքահայ ուսուցիչների հետ: Մայրենիի տիրապետումն այսօրվա մարտահրավերների դեմ պայքարելու միջոցն է: Ցավոք, դրսում տեսնում եմ հայերի, որոնք հայերեն չեն խոսում: Բազում խնդիրների պարագայում շատ կարևոր է ուսուցչի դերը: Մենք շատ ենք ցանկանում, որ ծրագրերը ձեզ համար լինեն պիտանի և օգտակար»,-ասաց Արմեն Աշոտյանը:
Նախարարը կարևորեց, որ կրթական ասպարեզում մաքսիմալ օգտագործվեն տեխնոլոգիական միջոցները, և որ երեխաների մոտ դեպի մայրենին հետաքրքրություն ավելացվի ոչ միայն ավանդական միջոցներով:
Այս տարի կվերապատրաստվեն վեց ուսումնական խմբերում. մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի և գրականության դասավանդման, հայոց պատմության և հայրենագիտության, լրացուցիչ կրթության կազմակերպման: Ամենամեծ մասնակցության հայտը ներկայացվել է հայոց լեզվի և գրականության դասավանդման համար:
Նշենք, որ այս տարի մասնակցում են ուսուցիչներ Աբխազիայից 1, ԱՄՆ-ից 11, Բելառուսից 2, Բրազիլիայից 1, Էստոնիայից 2, Թուրքիայից 2, Իրանից 6, Լիբանանից 3, Կանադայից 1, Շվեդիայից 1, ՌԴ-ից 10, Սիրիայից 14, Վրաստանից 7 և Ուկրաինայից 1:
Այս տարվա վերապատրաստման ծրագրում նախատեսվում են լսարանային և պրակտիկ պարապմունքներ, ինչպես նաև վարպետաց դասեր՝ բոլոր խմբերի համար:
Հիշեցնենք, սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը սկսվել է 2002 թվականից՝ ֆինանսավորվում է ՀՀ պետբյուջեից: Դասընթացների վերջում ուսուցիչներին տրվում են ՀՀ ԿԳ նախարարության և Կրթության ազգային ինստիտուտի վկայագրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները