Քոբանիում իսլամիստները հայի են սպանել
«Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինները Սիրիայի Քոբանի (Այն Ալ-Արաբ) քաղաքում սպանել են 45-ամյա Հովսեփ Թումասյանին: Իսլամիստները տղամարդու վրա կրակել են իր 14-ամյա որդու` Արամի աչքի առաջ: Այս հայտնում է Hurriyet Daily News-ը:
«ԻԼԻՊ-ի 4 անդամները, ովքեր կրում էին քրդական «Ժողովրդական պաշտպանական ջոկատներ» աշխարահազորի համազգեստ, հորս վրա կրակել են հունիսի 24-ի առավոտյան: Հայրս արյունահոսում էր : Նա ինձ ասաց, որ դրանք ԻԼԻՊ-ից են և որ արագ փախչեմ»,-ասել է տղան` ավելացնելով, իրեն նույնպես կսպանեին, եթե չփախչեր:
Թումասյանների ընտանիքը Քոբանիում բնակվող այն վերջին 8 հայ ընտանիքներից մեկն էր, որը մոտ 9 ամիս առաջ հեռացել էին քաղաքից: Հակոբ Թումասյանը` Հովսեփի եղբայրն ասել է, որ այդ ընտանիքներն այլևս չեն վերադառնա:
«Նրանցից 3-ը այժմ ապաստան է գտել Թուրքիայի Սանլըուրֆա նահանգի Սուրուչ շրջանում բացված փախստականների ճամբարում: Մեկական ընտանիք բնակություն է հաստատել Սանլըուրֆայում, Հաթայում և Հալեպում: Մնացած երկու ընտանիքներն էլ, որոնք անձնագիր ունեին, տեղափոխվել են Հայաստան»,-ասել է Թումասյանը` նշելով, որ պահ է եղել, որ ցանկացել են վերադառնալ Քոբանի, սակայն եղբոր սպանությունից հետո, ով Սիրիայի էր գնացել տեսնելու, արդյոք իր տունը և խանութը կանգուն են, թե ոչ, այլևս չեն վերադառնա: